Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ըստ երևույթի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս չի պատրաստվում երկարաձգել Արտակարգ դրությունը։ Ուզում են բոլոր՝ մեղմ ասած վիճելի քաղաքական ծրագրերը մինչև հուլիսի 13 կյանքի կոչեն ու գնան իրենց «վաստակած» հանգիստը վայելելու։ Հետո էլ կասեն, թե երկիրը պատերազմի մեջ է, իշխանությանը քննադատողը դավաճան է, դուրս մի եկեք, մի բողոքեք, Կորոնավիրուս, ֆլան, ֆստան... Ի՞նչ ասեմ՝ թող անեն։
Սա իշխանական այս թիմի մահավճիռն է։ Ու ես ընդհանրապես դեմ չեմ, որ այդ վճիռն իրենք իրենց ձեռքով ստորագրեն։ Արեք, տղերք։ Դուխով։
***
Դատելով ԱԺ-ում սկսված գործընթացից՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական շահերը սպասարկող իմքայլական պատգամավորներն այսօր գրոհելու և, ամենայն հավանականությամբ, ոչնչացնելու են երկրի դատական իշխանությունը։ Դե խորհրդարանն իրենց ձեռքում է, մտածում են՝ ինչ ցանկանան, կարող են անել։ Շատ լավ։
Բայց ի՞նչ կտա դա ՀՀ իշխանություններին և ի՞նչ կտա դա ժողովրդին։ Փաշինյանի տեսակետից, ըստ երևույթի, խոսքը գնում է երկրում տոտալ վերահսկողություն սահմանելու, ի դեմս դատական իշխանության կառավարության և ԱԺ պես հլու-հնազանդ կամակատարներ ունենալու հեռանկարի մասին։ Այլ խոսքերով՝ Նիկոլն իր նիկոլությունն է անում ու դա ինձ չի զարմացնում։ Եթե վերջինս հաջողի, ապա ժողովուրդը դրա արդյունքում կզրկվի ամեն տեսակ պաշտպանությունից և կունենա դասական բռնապետություն, որի տարբեր տարրեր, ի դեպ, արդեն ներդրվել ու արդյունավետ գործում են։
Նիկոլ Փաշինյանի սանձազերծած իրավական ամենաթողության հեռանկարներն, ըստ այդմ, կարծում եմ բավական պարզ են։ Այս դեպքում հարցը միայն մեկն է՝ կհաջողի՞ վարչապետն ավարտին հասցնել իր ծրագրած պետականակործան քաղաքականությունը։ Որովհետև ԱԺ՝ այսօրվա քվեարկությունն այդ պայքարի ավարտը չէ։ Սկիզբն է։ Դրան հետևելու են բազում գործընթացներ, որոնք կարող են սրբել, տանել Նիկոլին էլ, նիկոլաբարո մնացած երևույթներին էլ։
Մեկը ես, խոստանում եմ՝ սկսելու եմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։ Աջակցելու եմ Նիկոլի դեմ պայքարի ելած քաղաքական այլ ուժերի։ Ես չեմ պատրաստվում իմ երկրում հանդուրժել բռնապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Դա չլինելիք բան է։ Վստահեցնում եմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը