Tert.am-ը գրում է. Սա ակնհայտ քաղաքական մոտեցում է, և եթե պետք է դատավճիռ կայացնել, ապա այն պետք է կայացնել օրվա իշխանության դեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ընտրողաբար օգտագործում է ենթադրյալ փաստերը՝ իր իշխանությունն ամրապնդելու և ընդդիմադիրներին ճնշելու նպատակով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ չորս գումարումների պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ու ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:
Նրա դիտարկմամբ՝ այսօր քաղաքական դաշտը լցված է կիսաճշմարտություններով: Ըստ Հակոբյանի՝ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ պետության ողնաշարը սղոցվեց հենց այն պահից, երբ սկսեցին ընտրությունները կեղծելու միջոցով իշխանությունը վերարտադրել:
«Աննախադեպ էին 1996-ի նախագահական ընտրությունները: Եթե հիշում եք՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է այն ժամանակվա նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպմանը ասել, թե վերջինս տուժել է ընտրություններին: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ անպայման սկսել Գագիկ Ծառուկյանից: Եթե նույնիսկ ընդունենք, թե բերված բոլոր փաստերը ճիշտ են, ապա հարց է առաջանում՝ ինչու են ընտրողաբար մոտենում երևույթին, այն դեպքում, երբ ընդամենը ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանին տրվել էր խոշոր սեփականատիրոջ կարգավիճակ: Իսկ երբ Գագիկ Ծառուկյանը օբյեկտիվ գնահատական է տալիս Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, հանկարծ պարզվում է, թե նա օլիգարխ-հանցագործ է»,- ասել է Հակոբյանը՝ նշելով, թե գործ ունենք կոմպրոմատներով առաջնորդվող իշխանության հետ:
«Ես տասնապատիկ ավելի ծանր հանցագործություն եմ համարում այն փաստը, որ իշխանությունները ընտրողաբար են մոտենում երևույթին և ենթադրյալ կոմպրոմատներն օգտագործում են այն պահին, երբ իրենց քննադատում են: Ստացվում է հետևյալը՝ Փաշինյանը կարող է աչք փակել բոլոր հանցագործությունների առաջ, ներել ամենածանր հանցագործությունները, եթե ընդունեն իր գերակայությունը, իր տիկնոջ հիմնադրամներին գումար փոխանցեն, բայց հենց որ փորձեն ընդդիմանալ օբյեկտիվ քննադատություններով, կարող է ներկայացնել որպես հանցագործ: Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, պայքարում է ոչ թե ընտրակեղծիքների երևույթի, այլ անձի դեմ»,- ասել է Հակոբյանը՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ Ծառուկյանին առնչվող գործի ենթադրյալ հանգամանքները հայտնի են եղել դեռևս փետրվար ամսին, սակայն գործընթացը սկսվել է միայն օրերս:
«Կոմպրոմատներով առաջնորդվող և դրանք օգտագործող իշխանություններ այս տարիների ընթացքում էլի եմ տեսել, բայց Նիկել Փաշինյանի պահվածքն այս առումով աննախադեպ է»,-հավելել է նախկին պատգամավորը:
Անդրադառնալով դիտարկումներին, թե իշխանությունը հայտարարում է, որ այս՝ պայմանական ասված «պատերազմի» շրջանում երկիրը չի կարելի ցնցումների տանել, իսկ իրենց ուղղված քննադատությունները որակում է «թիկունքից հարված», մինչդեռ, ըստ ընդդիմախոսների, հենց իշխանությունն է երկիրը ցնցումների տանում, Հակոբյանը արձագանքել է, թե «թիկունքից հարված» եզրույթը ևս իրեն հիշեցնում է 1996 թվականի նախագահական ընտրությունները:
«Այդ ժամանակ նախագահի՝ իշխանության թեկնածուն աննախադեպ կեղծիքներով «ընտրվեց»՝ 27-30 տոկոս ձայնով: Բնականաբար, հասարակությունը ընդվզեց այդ պետական հանցագործության դեմ, և այդ ընդվզումը համակարգող ԱԺ պատգամավորներից մահապատժի հոդվածով ձերբակալեցին: Օրվա իշխանությունը, ինչպես այսօր, նույնպես ժողովրդի էմոցիան գողանալով հայտարարում էր, որ ընդդիմությունը թիկունքից հարածում է պատերազմի մեջ գտնվող պետությանը: Ցավոք, այդ կեցվածքը նույնությամբ որդեգրել է նաև այսօրվա գործող իշխանությունը»,- ներկայացրել է Հակոբյանը:
Վերջինս ընդգծել է նաև՝ միանշանակ իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել համավարակի դեմ պայքարում, և դա աքսիոմատիկ ճշմարտություն է, ինչպես այն, որ պարտություն կրած իշխանությունը պետք է հեռանա: «Եթե իշխանությունն օգտագործում է «թիկունքից հարված» եզրույթը, ապա հենց իշխանությունն է թիկունքից հարվածում պետությանը, որ չի ընդունում իր պարտությունը և չի գիտակցում, որ այս ծանր իրավիճակում ունակ չէ ղեկավարել պետությունն ու ուղղորդել ժողովրդին»,- նշել է Հակոբյանը՝ կորևորելով նաև կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը:
«Եթե իսկապես ձևավորվի այդ հանձնաժողովը և օբյեկտիվորեն աշխատի, մենք կտեսնենք, որ կորոնավիրուսից մահացածների մեծագույն մասը հենց Նիկոլ Փաշինյանի խղճին է: Երբ Իրանի, Վրաստանի կողմից կորոնավիրուսը շրջապատել էր մեր երկիրը, իշխանությունը հանրաքվեի քարոզարշավ էր իրականացնում, Նիկոլ Փաշինյանն էլ նշում՝ կորոնավիրուսն ում շունն է: Մինչև այսօր էլ, որ ժողովրդի մի հատվածն արհամարհանքով ու ծաղրանքով է վերաբերվում կորոնավիրուսին, Նիկոլ Փաշինյանի՝ այդ օրերի արհամարհական կեցվածքն էր այս արհավիրքի նկատմամբ»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը