16 06 2020

Ինչպե՞ս է ձեր փաստաթղթերը հայտնվում իշխող ուժի գործիչների ֆեյսբուքյան պատերին. Թանդիլյանը՝ Դավթյանին



Ինչպե՞ս է ստացվում, որ առերևույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան պատերին։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ-ն որոշում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը։

«Արդյոք այս գործի շրջանակներում միայն 2017 թվականի ընտրակաշառքի դեպքեր եք գտել և չեք գտել 2018 թվականին կամ մինչև այդ եղած որևէ նյութ, պատգամավորների ստորագրած որևէ փաստաթուղթ։

Արդյոք միայն այս քաղաքական ուժի «Ծառուկյան» դաշինքի մասով եք ընտրակաշառքի փաստերի տիրապետում։ Օրինակ՝ Հանրապետական կուսակցության ընտրակաշառքների մասին տեղեկատվության չե՞ք տիրապետում։

Ինչպե՞ս է ստացվում, որ առերևույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան պատերին։ Կարծես՝ թափած էր մի տեղ, նրանք էլ հավաքել և տեղադրել էին»,- հարցրեց Թանդիլյանը։

Դավթյանն ասաց, որ քրեական հետապնդման մարմինները չեն փնտրում որևէ քաղաքական ուժի կամ որևէ կոնկրետ ընտրության ընթացքում կատարված փաստաթղթեր. «Քրեական վարույթները ենթադրում են քրեադատավարական գործողություններ, երբ դրանց ընթացքում ձեռք են բերվում այս կամ այն դեպքի, այդ թվում՝ ընտրակաշառք ձեռք բերելու վերաբերյալ տեղեկություններ, ոչ մի դեպքում անալիզ չի արվում՝ որ քաղաքական ուժին է վերաբերում կամ՝ որ ժամանակահատվածին։  Եթե այդ կամ այլ գործով որևէ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվի որևէ այլ քաղաքական ուժի, որևէ ժամանակահատվածի ընտրությունների վերաբերյալ փաստաղթղեր, հավաստիացնում եմ, որ կունենա նույն ճակատագիրը»։

Անդրադառնալով փաստաթղթերի հրապարակմանը՝ Դավթյանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալով տեղեկություն հրապարակել. «Բոլոր այն դեպքերում երբ նախաքննական մարմինը պաշտոնապես կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել, դա վարույթն իրականացնող մարմնի լիազորությունն է, պարտականությունն է՝ հանրությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու պատասխանատվությամբ»։

Թանդիլյանն արձագանքեց. «Այսինքն՝ դուք դիտավորությամբ՝ համարելով ոչ այնքան կարևոր նյութ կամ ոչ նախաքննական գաղտնիք պարունակող՝ արտահոսք եք կազմակերպել և տրամադրել տվյալները իշխող քաղաքական ուժին և համարել եք, որ դա նույնիսկ պետք է տրամադրել հանրությանը։ Այնինչ դուք այդ փաստաթղթով եք եկել ԱԺ, հետևաբար այն դեռ պետք է ապացուցման ենթակա փաստաթուղթ լինի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ