Politik.am-ը գրում է. Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Խորհրդարանն ապրիլի 16-ին ձայների 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագիծը։
Որքան էլ զարմանալի էր, նախագահ Արմեն Սարգսյանը չէր շտապում ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար կենսական նշանակություն ունեցող այս օրինագիծը։
Քաղաքական որոշ շրջանակներ վստահ էին, որ նախագահ Արմեն Սարգսյանը հասկանալով օրինագծի կարևորությունը գործադիր իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար՝ փորձում էր գործարքի գնալ վերջինիս հետ։
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, Արմեն Սարգսյանը փորձում էր համաձայնության գալ Նիկոլ Փաշինայնի հետ, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի, որպեսզի բացվեն Ամուլսար տանող ճանապարհները ու հանքը շահագործվի։
Հոդվածում նաև ընդգծել էինք, որ եթե Փաշինյանն ու Սարգսյանը համաձայնության գան, ապա առանց որևէ խնդրի նախագահը կստորագրի օրինագիծը, որն ինչպես արդեն նկատել էինք, հնարավորություն է տալու կառավարությանը ֆինանսական միջոցներ ներգրավել տնտեսություն ու խուսափել տապալումից։
Մեր հոդվածի հրապարակումից հետո պարզաբանմամբ էր հանդես եկել նախագահի աշխատակազմը։ Պարզաբանման մեջ աշխատակազմը մեր դիտարկումները պիտակավորել էր, որպես մոգություն․ «Որևէ գործարք չկա և չի կարող լինել: Ամբողջ այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական անհեթեթությունների շարքում, որոնք պարբերաբար տարածվում են որոշ շրջանակների կողմից: Մարդիկ կամ մարդկային խմբեր, որոնք մասնագիտացել են անլրջության հասնող դավադրությունների տեսությունների մեջ, փորձում են կայանալ որպես կոնսպիրացիաների «մեծ» մոգեր»»։
Մայիսի 11-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հիշատակված օրենքը։ Մեր հոդվածում նկատել էինք, որ գործարքը կայացել է, և վարչապետ Փաշինյանը համաձայնել է նախագահ Սարգսյանի պայամաններին։ Մոտ ժամանակներս կառավարությունը քայլեր կձեռնարկի և կբացի Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը։
Օրերս «Լիդիան Արմենիա» ընկերությունը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ պատրաստվում են վերսկսել իրենց գործունեությունը Ամուլսարի ոսկու հանքում։ Ըստ էության Արմեն Սարգսյանը կարողացել է Ամուլսարի ոսկու հանքի համար երաշխիքներ ստանալ վարչապետ Փաշինյանից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը