15 06 2020

Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ կլինի

Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ կլինի

Այսօր ժամը 17։00-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«1. Շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Հիշեցնեմ, որ վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։

2. Ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։

-Այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։

Այսինքն, տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։

Այսպիսով, նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։

Մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ