Այսօր հերթական անգամ ականատես եղանք քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Անթույլատրելիորեն ցուցադրական բռնի ուժ կիրառվեց իրենց բողոքի ձայնը բարձրացնողների նկատմամբ։
Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին ու անթույլատրելի: Խստորեն դատապարտելի է հատկապես կին պատգամավորների նկատմամբ ոստիկականական ուժի կիրառումը, անհարգալից վերաբերմունքը։ Սա նաև անարգանք է ԱԺ պատգամավորի ինստիտուտի հանդեպ։
Չի կարելի իրավապահ համակարգը դարձնել քաղաքական հաշվեհարդարների գործիք, նոր անջրպետներ անցկացնել հասարակության և ոստիկանության միջև։ Այստեղ կարևոր է նաև հենց ոստիկանության դերակատարումը. անկախ ամեն ինչից, ոստիկանությունը պետությանն է և պետք է գործի բացառապես օրենքի և բանականության սահմաններում։
Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ ու հայացքների համընկնմամբ։ Եվ եթե վերջին տարիների ընթացքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները չուղեկցվեին հանրային և քաղաքական գործիչների լռությամբ, գործընթացներն այսպիսի անցանկալի ուղղությամբ չէին ընթանա։
Կարևոր է նաև դիվանագիտական և միջազգային կառույցների արձագանքը, որոնք աջակցում են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։ Նրանք այսօր պետք է ոչ միայն լուռ հետևեն ընթացող գործընթացներին, այլև փորձեն պատշաճ գնահատականներ տալ կատարվածին։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը