14 06 2020

Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է. ԲՀԿ

Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդը հայտարարություն է տարածել.

«Այսօր վաղ առավոտից իշխանությունն անցել է «իրավական տեռորի»։ Մենք սա գնահատում ենք որպես պատասխան՝ ԲՀԿ նախագահի վերջին ելույթին, որում նա, առանց երկիմաստությունների, նշեց երկրի առջև ծառացած սուր խնդիրները, մոտալուտ լրջագույն ռիսկերը և դրանց լուծման միակ հնարավորությունը՝ նոր, արդյունավետ կառավարում, լրջագույն փոփոխություններ երկրի կառավարման համակարգում։

Տապալելով համաճարակի դեմ պայքարը, դառնալով մեծաթիվ վարակակիրների և մահերի պատասխանատուն, հասկանալով, որ սարերի հետևում չեն սոցիալական ծանր խնդիրները՝ ՀՀ իշխանությունները որդեգրել են ընդդիմախոսներին ամեն գնով լռեցնելու քաղաքականություն։ Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է։ Իշխանությունը խուսափում է ճիշտ ընկալել իրականությունը, ընդունել իր ձախողումները և հանրային համերաշխության մթնոլորտում գտնել լուծումներ։

 

Վաղ առավոտից իշխանության սանձազերծած բռնություններն այլևս վերածվել են ամենաթողության: Այս ընթացքում բոլորիս աչքի առաջ բռնի ուժով բերման են ենթարկվել ԲՀԿ մի քանի տասնյակից ավելի ակտիվիստներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնց հանդեպ ևս ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ: Այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում ընթանում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է իր վճռականությունը՝ բոլոր քաղաքակիրթ և օրինական միջոցներով պայքարել մեր պետության և ժողովրդի շահերի համար, որևէ կերպ չընկրկել անօրինական ճնշումների առաջ։ Հայաստանում այլևս երբեք իշխանությանը չի հաջողվելու շանտաժով ու բռնությամբ լռեցնելու ընդդիմությանը:

Մենք վճռական ենք, օրենքի տառին և ոգուն հավատարիմ, շարունակելու մեր արդարացի պայքարը՝ հոգուտ Հայաստանի և հայ ժողովրդի փրկության», - ասված է ԲՀԿ հայտարարության մեջ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ