13 06 2020

Ադրբեջանական կողմից տարածված լրատվության մեջ բացահայտ ապատեղեկատվություն կա. Վարդան Ոսկանյան

Ադրբեջանական կողմից տարածված լրատվության մեջ բացահայտ ապատեղեկատվություն կա. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Facebook-ի իր էջում գրում է․          

«Ինչպես գիտեք, հունիսի 11-ին Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սկզբնապես «Թվիթեր» սոցիալական ցանցում տեղեկատվություն էր տարածել, որ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության ղեկավար և անդամներ հորջորջվող անձինք հանդիպել են Բաքվում Իրանի դեսպանի հետ, նշելով, թե վերջինս իբր «կրկին հայտնել է Իրանի լիակատար աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջության կապակցությամբ և դատապարտել է Հայաստանի բռնազավթումը»։ 

Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքը սակայն բովանդակային առումով բավական տարբեր տեղեկություն է հրապարակել։ Դրանում մասնավորապես չկա որևէ հիշատակում իբր «Հայաստանի բռնազավթման դատապարտման» մասին,մինչդեռ կա հստակ արձանագրում խնդիրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։

Ինչ վերաբերում է «տարածքային ամբողջականությանը», ապա իրանցի տարբեր պաշտոնյաներ այս սկզբունքի մասին հայտարարություններն անում են ելնելով հիմնականում երկու հանգամանքից՝ մի կողմից Իրանը բազմէթնիկ քաղաքական միավոր է և ունի անջատողականության անթեղված օջախներ երկրի տարբեր հատվածներում, իսկ մյուսից՝ պաշտոնական Թեհրանը դեմ է Մերձավոր Արևելքում իր դաշնակից Սիրիայի և Իրաքի մասնատմանը։

Մեկ այլ կարևոր նրբություն էլ կա՝ Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, դատելով միջազգային իրավունքի մեր մասնագետների հետ խորհդակցություններից, ամենևին չի ենթադրում Արցախի դրա մաս լինելը, որովհետև Արցախը և Ադրբեջանը զուգահեռաբար անկախացել են ԽՍՀՄ-ից, ինչից բխում է, որ առաջինը երբևե մաս չի կազմել անկախ Ադրբեջանի։

Ուշագրավ է, որ իրանական պաշտոնական աղբյուրում հստակորեն արձանագրվել է, այսպես կոչված (որակումն իմն է), «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպություն (sic!) բնորոշումը, ինչը ցույց է տալիս որ Իրանի դեսպանի հետ հանդիպող անձինք ընդունվել են որպես կազմակերպության, այլ ոչ թե Արցախի գոյություն չունեցող ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ։

Անհայտ է, որ ադրբեջանական կողմից տարածված լրատվության մեջ՝ Իրանի դեսպանի հետ հանդիպման բովանդակային մասում բացահայտ ապատեղեկատվություն ներառելը և ցանկալին իրականություն ներկայացնելը քարոզչական պարզունակ հնարք է՝ միտված իբր սեպ խրելու հայ-իրանական հարաբերությունների մեջ՝ ելնելով Հայաստանը նաև հարավից շրջափակելու թուրք-ադրբեջանական անթաքույց ծրագրի «տրամաբանությունից»։

Եվ վերջում, կարծում էր ճիշտ կլիներ, եթե Բաքվում Իրանի դեսպանը մինչև այս արհեստածին կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպելը նկատի ունենար, որ դրա ղեկավար հորջորջվող Թուրալ Գանջալիևը սերտ կապեր ունի ԱՄՆ-ում իսրայելական լոբբիստական կառույցների հետ, ինչի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև համացանցային բաց աղբյուրներում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ