ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստին նշեց․ «Պարոն վարչապետ, դուք նշեցիք, որ ոստիկանը պետք է լինի դուխով՝ բնականաբար ավելացնելով նաեւ օրենքով. ես չգիտեմ՝ դուխի չափորոշիչը որն է, բայց իմ կարծիքով ոստիկանի դուխը պիտի լինի բացառապես եւ միայն օրենքը»։
Անդրադառնալով Սպիտակում ոստիկանների կողմից տնոջը բերման ենթարկելու տեսանյութին, նա ասաց. «Պարոն վարչապետ, Ձեզ խոստացան կարծես փոխանցել Սպիտակում կնոջ հանդեպ, իմ կարծիքով, ոստիկանի անհամաչափ գործողության տեսանյութը։ Ի՞նչ էր արել այդ կինը, նա դիմակով էր։ Ես բացեցի պարետի բոլոր որոշումները, փորձեցի գտնել դիմակը կրելու մասին ցուցումներ, որ օրինակ չի կարելի դիմակը կրել քիթը բաց։ Եթե կա, ուրեմն պիտի դրա մասին կրկին բարձրաձայնվի, որովհետեւ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում՝ ես այդ մասին չգիտեն։
Ի վերջո թե ինչպես էր քաղաքացիական հագուստով անձը ոստիկանի հետ իմ վստահ համոզմամբ անհամաչափ ուժ կիրառում քաղաքացու հանդեպ։ Եվ ընդհանրապես, այս էլ որերորդ դեպքն է՝ ոստիկանները, ես չգիտեմ ինչից են ոգեւորվում, ինչն է նրանց այդքան անհամաչափ դուխ տալիս, որ փորձում են գերազանցել իրենց լիազորությունները»:
Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, որ իրենք չպիտի որդեգրեն դիտորդի կարգավիճակ, չպիտի անտեսեն, որ որոշ ոլորտներում բացահայտ ձախողում է, մեկնաբանելով, թե պանդեմիա է:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց․ «Սոցիալական ցանցերում կազմակերպվում է անպարկեշտ գրոհ բոլոր նրանց հանդեպ, որոնք համարձակվում են ասել, որ օրինակ, մենք ունեինք այսքան թվով հիվանդներ, որ հերթի մեջ սպասում են հիվանդանոցներին:
Երբ Առաջին համալսարանական հիվանդանոցը դեռ մարտին հայտարարեց, որ պատրաստ է ընդունել հիվանդներ, երբ «Նաիրի» ԲԿ-ն, Անատոլի Գնունին հայտարարեց, որ իրենք եւս պատրաստ են եղել։ Ինչո՞ւ այդ ռեսուրսը չի օգտագործվել եւ ո՞վ է դրա համար պատասխանատու։ ի վերջո գալու է, չէ՞, ժամանակը, որ եթե ոչ մենք, ապա մահացած քաղաքացիների հարազատները հարցնելու են՝ ով էր մեղավոր, հարազա՞տն էր մեղավոր, որ ուշ ահազանգեց, թե՞ մնացած պատկան կառույցներն էին մեղավոր, որ մարդը ուշ հասավ հիվանդանոց եւ մահացավ։
Ի վերջո այսօր էլ, քիչ առաջ ես էլի ստացա ահազանգեր քաղաքացիներից, որ խնդրում եմ, պարոն նախարար, ճշտեք, որ շտապօգնությունը հրաժարվում է քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց: Առաջարկում են՝ հիվանդանոցի հետ պայմանավորվեք, եթե հիվանդանոցը ձեզ կընդունի, դուք մեզ ասեք, նոր մենք կգանք, հիվանդին կտանենք։ Սա տարբերակ չէ, սա ճանապարհ չէ։ Մենք ինքներս, կարծեմ նաեւ պատգամավորները տեսան այն ահազանգը Գեորգի անունով քաղաքացու, որ աղաղակում էր սոցիալական ցանցում, ասում էր՝ փրկեք ինձ, օգնեք եւ լավ էր, որ դուք նաեւ արձագանքեցիք, նրան տեղափոխեցին մարզային հիվանդանոցներից մեկը։ Հիմա ի՞նչ, ամեն մեկը պիտի իր տանը նստած գոռա, ասի եկեք, մեռնում եմ, շտապօգնությունը չի տեղափոխում, որպիսի մենք կարողանանք այս խնդիրները լուծել»,-ասաց Զոհրաբյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը