Ազգային ժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը երրորդ անգամ երկարաձգելու հարցը, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցերով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավորն իր հարցերում օգտագործեց մի քանի բժշկական տերմիններ, ինչին արձագանքեցին որոշ պատգամավորներ՝ ծիծաղելով ու ծափերով։
«Իմ հարցերի ժամանակ ծիծաղելու, ուրախանալու ավանդույթը, ձեզ համար լավ է, առողջարար է, բայց առաջարկում եմ թարգեք։ Լուրջ բանից եմ խոսում, տրագեդիայից եմ խոսում»,- ասաց Տ. Ուրիխանյանը, ապա հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից, թե մոտավոր ունե՞ք տեղեկություն, թե ինչքան ժամանակ է տևել կորոնավիրուսով վարակված լինելու, բայց չհայտնաբերելու շրջանը, «չէ որ սա ամենամեծ հարցականն է ու վերահսկողության չենթարկվող իրավիճակն է նաև հասարակության համար»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր մոտ դրական է եղել կորոնավիրուսի թեստը մայիսի 31-ին։
Թեստավորվել է, քանի որ պետք է աշխատանքային այց ունենար զորամաս, ենթադրում էր շփում ժամկետային զինծառայողների հետ։ Կրկնակի թեստի դրական արդյունքից հետո հունիսի 1-ին հայտարարել է, որ իր և ընտանիքի բոլոր անդամների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նա նշեց, որ առաջին թեստից հետո իր ընտանիքի անդամները նույնպես թեստ էին հանձնել։ Հաջորդ կիրակի արդեն թեստերի պատասխանը եղել է բացասական։
«Սա նշանակում է, որ դրանից, մեծ հավանականությամբ, առնվազն մեկ շաբաթ եղել եմ կորոնավիրուսով վարակված։ Մայիսի 23-ից ես ոչ մի տեղ առանց դիմակի չեմ եղել, առանց դիմակի որևէ շփում, բացի իմ ընտանիքի անդամներից, չեմ ունեցել։ Այդ ընթացքում ում հետ շփվել եմ, նրանցից որևէ մեկը չի վարակվել, ինչն ապացուցում է, որ դիմակով լինելը հանդիսանում է որոշակի երաշխիք, որ վարակը չի փոխանցվի»,- ասաց վարչապետը։
Նա նաև հիշեցրեց Շուշիում Արցախի նորընտիր նախագահի պաշտոնավարման առիթով տեղի ունեցած միջոցառումը։
«Եթե ենթադրենք, որ վարակված եմ եղել արդեն մայիսի 20-ին, Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցել եմ վարակակիր լինելով, փակ դահլիճում եղել եմ դիմակով, շփում եմ ունեցել Արցախի երրորդ նախագահի հետ, 14 օր անցել է, որևէ ախտանիշ չկա։
Գիտեք հայտնի աղմկահարույց միջոցառումը Շուշինում՝ Արցախի նախագահի պաշտոնամուտի արարողության ժամանակ։ Այդ միջոցառումն ամբողջությամբ տեղի է ունեցել այդ պահին Արցախում գործող իրավակարգավորումների շրջանակում։ Եթե ենթադրենք, որ այդ օրը վարակված եմ եղել, ինձանից ձախ եղել է ԱԺ նախագահը, աջ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, անվտանգության խորհրդի քարտուղարը։ Դրանից հետո 14 օր անցել է, որևէ մեկը չեն վարակվել, որովհտեև այդ ողջ ընթացքում բնազդային զգուշությունը և հեռավարությունների որոշակի պահպանում թույլ է տրվել»։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այն վայրերում, որտեղ մարդիկ շատ են կուտակվում, դեզինֆեկցիոն աշխատանքներ չեն կատարվում։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման միջոցառումներ արվում են, այլ բան է, թե արդյոք պետք չէ մասշտաբներն ավելացնել։
«Ի գիտություն ընդունեցինք, անպայման կքննարկենք»,- ասաց վարչապետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը