10 06 2020

Հասարակությունն աստիճանաբար վարժեցվում է «արյան համին». Բագրատ Եսայան

Հասարակությունն աստիճանաբար վարժեցվում է «արյան համին». Բագրատ Եսայան

Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕՐԻՆԱՉԱՓՈւԹՅՈւՆՆԵՐԸ

6-րդ մաս
Նախորդ ռեժիմի ներկայացուցիչների, ռեժիմի հետ համագործակցողների հետ հաշվեհարդարը ուղեկցվում է երկրում առկա բոլոր պրոբլեմներում նրանց մեղադրելով։ Երկրում առկա իրավիճակում զգալի փոփոխություններն ուղեկցվում են աղմկալից մեղադրանքներով ու հաշվեհարդարներով։ Հակահեղափոխության ուրվականի դեմ անհաշտ պայքարը հաճախ վերածվում է հեղափոխության հիմնական գործառույթի։ Ստեղծվում են հատուկ այս նպատակին ծառայող պատժիչ մարմիններ, նախորդ ռեժիմի օրենքները, որոնք նախատեսված չէին հակահեղափոխականներին պատժելու համար հայտարարվում են ճամանակավրեպ, դատարանները՝ նախորդ ռեժիմի սպասարկողներ, մեղադրանքի առաջադրումն ու դրա ապացուցումը՝ ժամանակի կորուստ և ձևականություն։ Ստեղծվում են դատական գործառույթներ իրականացնող, հեղափոխությանն իրենց նվիրվածությունն ապացուցած անձանցից բաղկացած հատուկ մարմիններ, որոնք արդարադատությունն իրականացնում են ոչ թե նախկին օրենքներով, այլ իրենց հեղափոխական խղճին ու գաղափարներին համապատասխան։ Հակահեղափոխության դրսևորում են սկսում դիտարկվել ոչ միայն այլ գաղափարների դավանումն ու հրապարակային արտահայտելու փորձը, այլև հեղափոխության առաջնորդների յուրաքանչյուր գործողությանն ու արտահայտած մտքին հրապարակային հավանություն չտալը։ Շարունակ ընդլայնվում է հակահեղափոխության մեջ մեղադրվողների շրջանակը։ հակահեղափոխականներ են հայտարարվում հասարակության նորանոր շերտեր։ Մեղադրենքների բովանդակությունը գնալով ծայրահեղանում են, իսկ պատիժները և դրա մեթոդները հարմարեցվում են հեղափոխական մասսաների՝ արյունոտ տեսարաններին ականատես լինելու պահանջին։ Ֆրանսիական հեղափոխության ընթացքում նույնիսկ կիրառվեց հեղափոխության առաջին առաջնորդներից մեկի՝ կոմս Միրաբոյին գերեզմանից հրապարակային հանելն ու որպես դավաճան՝ նորից թաղելը, իսկ Հեղափոխության հարպարակում հասարակության մասնակցությամբ գիլիոտինի գործարկումը կրում էր հարահոսի (կոնվեյերի) բնույթ։ Սկսվում է քաղաքական այլ կուսակցությունների և հոսանքների չեզոքացումն ու ֆիզիկական ոչնչացումը։ Հասարակությունն աստիճանաբար վարժեցվում է «արյան համին», հեղափոխությանը հերթական զոհի մատուցումը ներկայացվում է որպես զանգվածների պահանջի կատարում։ Մասսայական ֆանատիկացումը դառնում է իշխանության հիմնական խնդիրներից մեկը, հասարակությունը ներգրավվում է «վհուկների որսում»։ Հեղափոխական իշխանությունը արյունահեղության մեջ որպես «գործընկեր» ներգրավում է հասարակության մեծամասնությանը, փոքրամասնությանը վերապահվում է լավագույն դեպքում անխոս վկայի, վատագույն դեպքում՝ զոհի կարգավիճակ։ Մարդասիրական կարգախոսները անդառնալիորեն անցնում են անցյալի գիրկը։
Հակահեղափոխականության մեղադրանքների ծավալի մեծացման համեմատ դրանց հասցեատերերի թփում սկսում են հայտնվել հեղափոխությունը նախաձեռնած, իրականացրած, նոր իշխանության մեջ կարևոր դիրքեր գրավող անձիք։ Սկսվում է հեղափոխության 3-րդ փուլը՝ պայքարն իշխանության համար, որն ուղեկցվում է հեղափոխության առաջնորդների փոխադարձ ոչնչացմամբ։
(շարունակելի)

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ