ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանության գործունեությանը։ Նա մասնավորապես նշել է, որ այն, ինչին ականատես ենք լինում վերջին ամիսների ընթացքում քաղաքական դաշտում, կարելի է բնութագրել երկու բառով` իշխանության հոգեվարք: Սամսոնյանի գրառումը՝ ստորև․
«Մայիսի 8-ին ԱԺ-ում, երբ իշխանությունը ընդդիմությանը ֆիզիկական բռնության ենթարկեց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր եզրափակիչ ելույթում մատնանշեց, որ իշխանությունը ենթարկվում է հոգեբանական բռնության: Մի կողմ դնելով այն խայտառակ իրողությունը, որ իշխանությունը` լինելով երկրի պատասխանատուն, կարող է լինել այնքան տկար և անկարող, որ ենթարկվի հոգեբանական բռնության, խոսենք «զոհ» դառնալու նրանց նկրտումների մասին:
Ակնհայտ է, որի երկրի ինստիտուցիոնալ և բովանդակային բարեփոխումների իրական օրակարգը իշխանությունը տապալել է: Նաև սպառել է գաղափարական և արժեհամակարգային իր ռեսուրսները, հատել է բարոյականի կարմիր գծերը և պարզել է մարդուն` անձնապես ոչնչացնելու երկսայր զենքերը: Այն, ինչին ականատես ենք լինում վերջին ամիսների ընթացքում քաղաքական դաշտում, կարելի է բնութագրել երկու բառով` իշխանության հոգեվարք: Եվ այդ հոգեվարքի մեջ նրանք հայտնվել են ոչ ժողովրդի, ոչ ընդդիմության և ոչ էլ ինչ-որ անձերի պատճառով:
Նրանք հայտնվել են այդ իրավիճակում իրենց ապաշնորհության և չարության պատճառով: Եվ որպեսզի իրենց ապաշնորհության և չարության հետևանքով երկրում օրեցօր խորացող ճգնաժամի մասին չխոսենք և չքննադատենք, անհրաժեշտ է թշնամանալ բոլորի հետ, տպավորություն ստեղծել, որ բոլորը հարձակվել են իրենց վրա (անամոթ «սևերը և դավաճանները») և դառնալ զոհ` հարուցելով ժողովրդի խղճահարությունը:
Համավարակը պարարտ հող է ստեղծում, այն դեպքում, երբ «իշխանությունը կյանքեր» է փրկում, իսկ «չար» ուժերը խանգարում են: Բայց չեն նկատում, որ իրենք անդադար խոսում են համավարակի պատերազմից, բայց զբաղված են քաղաքական ժանգլյորություններով: Խոսում են բարոյականությունից, բայց կեղտոտ մեթոդներով են բանավիճում իրենց ընդդիմախոսների հետ, խոսում են արժեքներից, որոնք իրենց վարքագծով վաղուց դարձրել են փալաս սեփական ոտքերի տակ: Նաև` շատ են խոսում կորոնավիրուսի մասին տարածվող ապատեղեկատվությունից, բայց մոռանում են, որ առաջին ապատեղեկատվություն տվողը իրենք են եղել:
Հարգելի իշխանություն, դադարե´ք զոհ ձևանալ: Իմացեք, որ ձեզնից որևէ սպասելիք չկա և չի լինելու: Առանց հիստերիայի կարգավորեք համավարակային շիլաշփոթ իրավիճակը երկրում և պատրաստ եղեք կանչվելու պատասխանատվության դրա հետևանքների համար: Կրկնում եմ` առանց հիստերիայի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը