09 06 2020

Դրսից բուժանձնակազմ ներգրավելու փորձ չի արվել. Պարետատունը պարզաբանում է

Դրսից բուժանձնակազմ ներգրավելու փորձ չի արվել. Պարետատունը պարզաբանում է

Կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում իրավիճակը ժամ–ժամի լրջանում է, վարչապետն ինքն է արդեն խոստովանում՝ քայլում ենք դժոխքի միջով:  Սա լուրջ ահազանգ է, վերջապես Փաշինյանը որոշեց իր ընկալածն արտահայտել այնպես, ինչպես որ կա՝ առանց ձևական զեղումների ու ինչպես երևում է՝ իրականությունը դուրս է եկել վերահսկողությունից:

Հասել ենք այն բանին, որ պաշտոնապես հունվարի 30 –ից վարակի դեմ պայքար սկսած ՀՀ Կառավրությունը 5  ամիս անց խոստովանում է իր ծնկի գալու մասին, վարչապետը հայտարարեց՝ ունենք կորոնավիրուսով վարակված 200-ից ավելի քաղաքացի, որոնց բուժսպասարկումն ապահովել հնարավոր չէ, նրանք այս պահին  սպասում են հոսպիտալացման իրենց հերթին, և երկու մահ է գրանցվել՝ ուշացած բուժսպասարկման պատճառով: Իրականում բուժանձնակազմի կրիզիսը խորանում է մեր երկրում, ոչ բոլոր մասնագետներն են համաձայնում առաջարկվող պայմաններին, COVID 19 դեմ պետության ջանքերին միացածները քիչ են, եղած ռեսուրսը արդյունավետ չի կառավարվում, զուգահեռաբար՝ վարակի տարածման մասշտաբներն ահագնանում են, իսկ ծանրաբեռնվածությանը դիմանալու համար հրատապորեն լրացուցիչ բուժանձնակազմ պիտի ներգրավվի:

Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը, ո՞րն է եղել պարետի գործողությունների պլանը՝ վերջին երկու օրերի զարգացումներից հետո..․ Առողջապահության նախարարությունը կարծես միտումնավոր շրջանցում է դրսից լրացուցիչ բուժանձնակազմ ներգրավելու մասին բոլոր հարցադրումները, իսկ ահա պարետի օլիմպիական խաղաղության տակ ընդամենը խուլ անգործություն կա:  YerevanToday –ի հարցմանն ի պատասխան՝ խոստովանեցին, որ դրսից լրացուցիչ բուժանձնակազմ ներգրավվելու կամ մասնագիտական ռեսուրսի աջակցություն խնդրելու որևէ փորձ չի արվել, սպասված աջակցությունը եղել է միայն թեստերի, բուժտեխնիկայի ու թերևս՝ ֆինանսական ակնկալիքների տեսքով, այսինքն՝ կառավարությունը մեծամտաբար կամ ոչ ճշգրիտ, ոչ պրոֆեսիոնալ  հաշվարկներով ավելորդ է համարել այս փուլում բուժանձնակազմի հարցը մտցնել օրակարգ, մինչդեռ բուժանձնակազմի մասսայաբար  հրաժարումներըը, վարակման  դեպքերը ազդակներ են եղել կառավարության համար:

«ՀՀ Կառավարությունը միջազգային գործընկերրների հետ վերջերս ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում Հայստան է ներմուծել COVID  19 պայքարի համար առողջապահական պարագաներ, նյութեր, սարքավորումներ, համագործակցությունը ծավալվել է ՄԱԿ-ի տարբեր մարմինների հետ, Եվրոպական միության և նրա անդամ տարբեր երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի,  ՌԴ-ի հետ, Հնդկաստանի Ճապոնիայի, ԱՄԷ-ի և Շվեյցարիայի հետ:  Սփյուռքի կողմից ևս ցուցաբերվել է անհրաժեշտ օժանդակություն, համապաաստախան գերատեսչությունների կողմից իրականացվել և իրականացվում է կորոնայի դեմ պայքարում մեր կարիքների մշտադիտարկում, և այդ համատեքստում դիտարկվում է միջազգային գործընկերներին դիմելու հնարավորությունը։ Քննարկումների արդյուքնների մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը»,- ասված է  Պարետատնից ստացած YerevanToday-ի պատասխանում: 

Ստացվում  է՝ օրհասկան վիճակում կառավարությունը նոր-նոր քննարկումներ է սկսել միջազգային կապերով բուժանձնակազմ ներգրավելու մասով և սա այն դեպքում, երբ նախարար Արսեն Թորոսյանին Հայաստանում վարակի բռնկումից տասն օր անց խոստովանեց, որ տարածման հետքը  այլևս կորցրել են, ապրիլից սկսեց վարակի տասնյակ հազարավոր դեպքերի կանխատեսումներ անել: Նախարար Թորոսյանին ի սկզբանե պարզ էր, որ  ոչ բոլոր մասնավոր կլինիկաներն են համաձայնելու վերապրոֆիլավորվել և աշխատել՝ անորոշ ժամանակով, ինչ է, թե պիտի պետությանն օգնեն  COVID 19 դեմ պայքարում,  չգիտես ինչու ԱՀԿ դիտորդ-անդամ նախարարն իր այս կարգավիճակից անգամ չօգտվեց ու չփորձեց ավելի արագ լուծում տալ հարցին՝ նվազ կորուստներով ճգնաժամը հաղթահարելու համար:

Ինչո՞ւ մինչ օրս միջազգային կապերից չեն օտվել․.. Կառավարությունում պատասխան չունեն, բայց ընդունում են, որ իրավիճակը ավելի քան կրիտիկական է դառնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ