Խորհրադարականները իրենց գործընկեր պատգամավորին սպառնում են քրեական գործերին ընթացք տալով, որի իրավասությունը և լիազորությունը չունեն, քանի որ դա իրավապահ համակարգի գործառույթն է, իսկ որ գործադիրի ղեկավարի խոսնակն է այդ ակնարկներն անում, ակնհայտ է դարձնում քաղաքական հետապնդման նկրտոմները, վերջինիս կողմից:
Հունիսի 5-ին ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ էր անցկացնում, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով և ներկայացնել ելքեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ, նա մասնավորապես ասել է. «Ես այն ժամանակ ասել եմ, որ անհնար է ժողովրդի սպասումներն իրականացնել այս կազմով, և պետք է 97 տոկոսին փոխել, այսօր տեսնելով այս ձախողումները, կարող եմ ասել, ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են»:
Ծառուկյանի խոսքով՝ իրենք չեն ուզում ցեխ շպրտել իշխանությունների վրա.. «Ասում ենք՝ հավաքվենք, քննարկենք՝ գուցե իրենց առաջարկն է լավը, բայց հենց մենք հարցը բարձրացնում ենք, նշանակում է՝ վիրավորում ենք, իրենք ամենագետներն են, այդ ամենագետ ե՞րբ դարձան ուզում եմ մի հատ հասկանամ, եթե իրական կյանքում ոչ փորձ կա, ոչ քարը քարին դրած կա: Էլի եմ ասում՝ ժողովուրդն ու երկիրը չի կարող փորձադաշտ լինել, որ կարողանան այս վիճակի հասցնել»։
ԲՀԿ ղեկավարի ելույթից հետո համացանցում իշխանական պատգամավորները, նախարարներն ու մարզպետները իրենց պարտքը համարեցին արձագանքել խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարին` հիմնականում սպառնալով, որ քրեական գործեր կան և կլինեն: Արձագանք եղավ անգամ գործադիր իշխանության ղեկավարից՝ վարչապետի խոսնակի մակարդակով, ով Ֆեյսբուքում գրեց.
«Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»:
Պատասխան խոսքով հանդես եկավ վարչապետի աներձագ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի: Այո կամ ոչ»։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրել է.
«Մի բան պարզ է ու հստակ, Հայաստանում այլևս տեղ չկա ու չի՛ լինելու ընտրակեղծարարների, թալանչիների ու քրեական թափթփուկների համար։ Որքան էլ որ բոցաշունչ ելույթներ ունենան, փողով հոդվածներ տպեն, օտար երկրներին դիմեն օգնության, միեւնույն է. Հայաստանի քաղաքացին կատարել է իր ընտրությունը և այդ ընտրությունը իկատար է ածվում քայլ առ քայլ»։
Հանդես եկավ ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նույնպես ֆեյսբուքյան իր էջում.
«Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ: Բայց իհարկե որոշ մարդիկ դա փորձում են հրամցնել «երկրի մասին մտածողների, հանուն ժողովրդի ու պետության» բարձրագոչ ելույթներով: Այո՛, չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ: Այո՛, չունենք ապարանքներ և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար: Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում: Եվ այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը: Ափսոսում եմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»:
Թիմային գործը շարունակեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ով գրել է.
«Եվ հիշեք, հարգելիներս, երկրի ղեկավարը շուտով կապաքինվի, իսկ ձեր վարակի հնարավորությունը դեռ առջևում է, ու ոչ միայն կոռոնավիրուսային` առջևում է նաև քրեական վարակի իրավական բուժումը: Այո՛, ժամանակին էլ չեք պահպանել սահմանված կանոնները, որովհետև ինչպես հիմա, այնպես էլ նախկինում դուք զբաղված եք եղել ձեր անձնական խնդիրների լուծմամբ»:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը իր էջում գրել է.
«Ուժեղ լինելը արդեն սեփական կենդանաբանական այգիդ չէ, վանդակներում փակված առյուծները ու թիկնազորդ չեն, այլ ժողովրդիդ սերը ու փոխադարձ հարգանքը: Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում: Թողածդ էլ տուկի թելի կյանք է ունենում … Դիմադրելը անիմաստ է. օրենքի առաջ բոլորը պատասխան են տալու ամեն ինչի համար: Թալանված, գողացված ամեն դրամը վերադարձվելու է»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի դոցենտներ, լորդեր և լորդուհիներ, շեյխեր և շեյխուհիներ, մարտի մեկից առաջ նախագահական ընտրություններին ստացած 300.000 քվեն փաթեթով ՀՀԿ-ին նվիրողներ, մշտապես կոալիցված ժամավճարով ՀՀԿ-ի ընդդիմություն, ավելի ճիշտ՝ այլընտրանք աշխատողներ, ՀՀ քրեական օրենսգիրքը դառնալու է և, հավանաբար, արդեն դարձել է ձեր սեղանի գիրքը՝ Աստվածաշունչը։ Ցնցումների մեջ մի ընկեք։ Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ»։
Մոտակա ժամերին այս շարքը հնարավոր կլինի շարունակել իմքայլական շատ ներկայացուցիչների գրառումներով, սակայն այսքանն էլ կարդալով մեկ բան հստակ է` փաստորեն իշխող քաղաքական ուժը խոսելու, քննարկելու, լսելու փոխարեն ԱԺ երկրորդ խմբակցությանը և ղեկավարին սպառնում է քրեական հետապնդումներով:
Այստեղ հետաքրքրական է, մեկ այլ բան ևս. Խորհրադարականները իրենց գործընկեր պատգամավորին սպառնում են քրեական գործերին ընթացք տալով, որի իրավասությունը և լիազորությունը չունեն, քանի որ դա իրավապահ համակարգի գործառույթն է, իսկ որ գործադիրի ղեկավարի խոսնակն է այդ ակնարկներն անում, ակնհայտ է դարձնում քաղաքական հետապնդման նկրտոմները, վերջինիս կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը