26 05 2020

Ուրիշ մեթոդ չգիտենք․ վարակի հաղթահարումը ևս վարչապետը դրեց քաղաքացիների ուսերին

Ուրիշ մեթոդ չգիտենք․ վարակի հաղթահարումը ևս վարչապետը դրեց քաղաքացիների ուսերին

Կարող ենք արձանագրել, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, ըստ էության կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են և խնդիրը մնում է այդ կանոնների պահպանումը: Մենք խնդիր ունենք կանոնների պահպանման որակի հետ: Կա մի համընդհանուր կանոն՝ դա ձեռքերի պարբերաբար ախտահանումն է, դիմակի կրումը՝ հնարավորինս լայնորեն,  երրորդ՝ սոցիալական հեռավորության պահպանումը: Մենք վստահ ենք, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային վիճակը ոչ միայն կբարելավվի, այլ կձգտի զրոյին»,- նշեց վարչապետը։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է բեկում մտցնել և զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը կամ մոտեցնել զրոյին: Այնուամենայնիվ, մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն, այսօր արդեն սկսվել են ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտված իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով: Խստացված ստուգումներ կիրականացվեց միջմարզային ճանապարհներին, անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի, թե արդյո՞ք ավտոմեքենայում գտնվող բոլոր քաղաքացիները կրում են դիմակներ, և երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդները»,- նշեց նա։

Վարչապետը նաև ասաց․ «Երբ քաղաքացու՝ համաճարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա, մենք կունենանք համաճարակի հաղթահարում: Մենք ուրիշ մեթոդ չգիտենք, մենք վարչական մեթոդներ ենք կիրառում, բայց մեր կառավարության ծագումնաբանությունը թույլ չի տալիս ամենադաժան դիկտատուրական մեթոդները կիրառել»,-ասաց նա:

Նա նշեց, որ ինչ արել են, արել են՝ հենվելով քաղաքացիների անհատական վարքագծի վրա և  գուցե իրենց սխալն այն է, որ առաջին օրվանից ուրիշների համար սահմանած կանոններն իրենք չեն պահպանել և հիմա այդ սխալը շտկում են և պահպանում կանոնները: «Այն կանոնները, որոնք ձեզ համար են սահմանվել, խստորեն պահպանում ենք»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ