23 05 2020

Փաստորեն, ապտակելը, հետևից գլխին խփելը նախադեպային իրավունքով ապաքրեականացվում են և օրինականացվում. Անդրանիկ Թևանյան

Փաստորեն, ապտակելը, հետևից գլխին խփելը նախադեպային իրավունքով ապաքրեականացվում են և օրինականացվում. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ անդրադարձել է այսօր տարածված տեղեկությանը, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպի առիթով՝ հանցակազմի բացակայության հիմքով: Գրառման մեջ ասվում է:

«Հեղափոխական և հակահեղափոխական չափալախներ

Հայաստանում «թավշյա» կանոններ են հաստատվում։ Ավելի ճիշտ՝ վատագույն ավանդույթները շարունակվում են է՛լ ավելի վատ ձևով։

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այդ որոշումը հիմնավորվել է հանցակազմի բացակայությամբ։

Փաստորեն, ապտակելը, հետևից գլխին խփելը և այլ մանր–մունր բաները նախադեպային իրավունքով ապաքրեականացվում են և օրինականացվում։ Սիրո և համերաշխության կարգախոսի ներքո, անշո՛ւշտ։

Ժողովրդական լեզվով ասած՝ մի մուշտի տալը կամ չափալախելը թույլատրվում է։ Դա նշանակում է, որ մեր երկրում իրավիճակ չի փոխվել։ Ավելի ճիշտ՝ փոխվել է դեպի վատը։

Բանն այն է, որ նախորդ իշխանությունների օրոք էլ մի հայտնի չափալախի պատմություն կար։ Կրկին հանցակազմ չտեսան։ Քրգործ չհարուցվեց։

Ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ նախորդների օրոք չափալախված տիկինը հեղափոխականների օրոք այնպիսի խայտառակ վարքագիծ է դրսևորում, որ, կամա թե ակամա, լեգիտիմացնում է ստացած չափալախը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ