Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծանուցագրեր է ուղարկել համապատասխանաբար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Արցախի կողմից տվյալ միջազգային դաշնագրերով նախատեսված ժամանակավոր իրավական միջոցներ ձեռնարկելու մասին՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման սպառնալիքի հիմքով երկրում արտակարգ իրավիճակ մտցնելու պատճառով:
Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ծանուցագրերում նշվում է, որ հանրապետության ողջ տարածքում արտակարգ իրավիճակ է մտցվել 2020 թվականի ապրիլի 12-ին 30 օր ժամկետով և երկարաձգվել մինչև հունիսի 11-ը: Արցախի Հանրապետությունը պարտավորվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին տեղեկացնել արտակարգ իրավիճակի ժամանակ իր կողմից ձեռնարկված իրավական միջոցների, ինչպես նաև այդ միջոցների կիրառման դադարեցման ամսաթվի մասին:
Արցախի Հանրապետությունը միակողմանիորեն միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին 1992 թվականին և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային՝ 2015 թվականին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը