16 05 2020

Իրավապահ մարմինները զբաղվում են. Փաշինյանը՝ Մինասյանին առաջարկած գործարքի մասին

Իրավապահ մարմինները զբաղվում են. Փաշինյանը՝ Մինասյանին առաջարկած գործարքի մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայլ Մինասյանը օրերս սկանդալային բացահայտում էր արել՝ հայտարարելով, որ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանվել, իբր, Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառել Ռուսաստանի Դաշնությունում:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին վերաբերող հարցին, ըստ որի, նա մաքսանենգ ճանապարհով ծխախոտ է արտահանել։

«Ես ուզում եմ արձանագրել, որ ծխախոտի արտահանման հարցում ՊԵԿ-ն ապօրինություն թույլ չի տվել: Այդ արտահանողներն իրենք են, որ պետք է արտահանեին երրորդ երկիր և փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել։ Այդ հարցով այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և բոլոր մեղավորներին պատժեն», - ասաց վարչապետը։

Նա չմեկնաբանեց Մինասյանի ևս մեկ բացահայտում, որ այդ մաքսանենգ սխեման ղեկավարել են իր ընտանիքի անդամները, այդ թվում՝ Հրաչյա Հակոբյանը:

«Կնոջս եղբորը վերաբերող դրվագին ես տեղյակ եմ, Հրաչյան դատական հայց է ներկայացրել։ Ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք ու անհրաժեշտություն կունենամ, այլ դատական պրոցեսի ընթացքում բոլորդ հնարավարություն կունենաք տեսնելու՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով գործարք է առաջարկել. «Որքան գիտեմ, իրավապահ մարմինները զբաղվում են։ Իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում, առավել ևս՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չեն կարող իմ հրապարակային հայտարարությունները տարբերվել իմ ոչ հրապարակային հայտարարություններից։ Դա հարց է, որի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ