Էդիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ներողություն խնդրելով ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի պատգամավորներից՝ պետք է ասեմ, որ այս խորհրդարանը որպես օրենսդիր մարմին, որպես մեր կյանքում որևէ գործոն, այլևս գոյություն չունի: Այս խորհրդարանի լուծարումը բխում է մեր ժողովրդի շահերից և դրանում երկու կարծիք լինել չի կարող: Երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը ոչ թե հիվանդ է, այլ արդեն դիակ:
Պառլամենտարիզմի մահվան պատճառներին չեմ անդրադառնա, դրանք շատ են և բազմապիսի, իսկ ամենակարևոր պատճառն էլ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունն» է և այդ հեղափոխության էյֆորիայի տակ տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները: Դրանք ընտրություններ չէին, այլ էշի հարսանիք, որի արդյունքում ունեցանք քայլոների այս ապիկար իշխանությունը:
Դարձյալ խոսքս ուղղեմ ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին: Տիկնայք և պարոնայք, դուք այդ ԱԺ-ում ոչինչ չեք որոշում և ըստ էության զբաղված եք, շատ ներողություն, անիմաստ ժամավաճառությամբ: Քանի դեռ դուք ամուր նստած կմնաք ձեր աթոռներին, կաջակցեք այս իշխանություններին, իսկ այս խորհրդարանը կշարունակի ընկալվել որպես մի «լեգիտիմ» օղակ, որտեղ 131 մարդ, իբր, քաղաքականությամբ է զբաղված: Իսկ թե ինչպես են այդ 131 հոգին զբաղվում քաղաքականությամբ, հայտնի է բոլորին թե Հայաստանում, թե սփյուռքում և թե գործընկեր ու դաշնակից պետություններում:
Հարգելի ընդդիմադիրներ, «Իմ քայլը» ձեզ այլ ընտրության հնարավորություն, քան մանդատները դնելն ու խորհրդարանը լքելն է, չի թողել: Հասկանալով դա՝ դուք հիշատակում եք ձեր ընտրողներին և հրաժարվում եք կոնկրետ քայլերից: Կարող եմ վստահեցնել՝ ձեր ընտրողն այդ դեպքում ձեզ ավելի ճիշտ կհասկանա, քան երբ նստած եք ԱԺ-ում, իսկ իմքայլականները ծաղրում, արհամարհում ու մերժում են ձեր բոլոր նախաձեռնությունները:
Մանդատները դնելու և «Իմ քայլի» երեսին դուռը շրխկացնելու ձեր քայլը ոչ ոք «սաբոտաժ» չի որակի, առավել ևս ձեր ընտրողներն ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը: Աշխատեք «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևում չլինել ծաղրածուի դերում, որից ոչինչ կախված չէ՝ կայֆարիկ միապետի տրամադրությունից բացի:
Եվ իմացեք՝ ժամանակը աշխատում է մեր դեմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը