13 05 2020

Այդպես էլ չպարզվեց, թե ովքե՞ր են թալանել, բանակը կամ արդյոք այն թալանվե՞լ է, թե՞ ո՛չ. Արտակ Զաքարյան

Այդպես էլ չպարզվեց, թե ովքե՞ր են թալանել, բանակը կամ արդյոք այն թալանվե՞լ է, թե՞ ո՛չ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իշխանափոխության սկզբնական փուլում բանակի նկատմամաբ սկսված հիստերիկ հակաքարոզչությամբ մոռացության մատնվեց “Ազգ-Բանակ” գաղափարը՝ որպես հասարակության զարգացման հավաքական ու սոցիալական մոդել: Ի՞նչ ունենք այսօր դրա փոխարեն: Ընդամենը մեկ բան, մշտական տեղակայման վայրերում, համեմատաբար թանկ գնով ավելի գեղեցիկ կերակրվող ստորաբաժանումներ: Լա՞վ է դա, բնականաբար լա՛վ է: Բավարա՞ր է, իհարկե ո՛չ: Ռազմական մասնագետները կասեն, որ պաշտպանական ու անվտանգային հարցերում դա չնչին, նույնիսկ աննշան թեմա է:

Ունի՞ արդյոք գործող քաղաքական իշխանությունն ազգային անվտանգության բարձրացման ռազմավարական և մարտավարական նոր գաղափարներ: Ցավոք չունի, դատարկություն է, ունայնություն-ունայնության: Ընդհակառակը, արտաքին քաղաքական դիլետանտության պատճառով այսօր էական վնասներ են կրում նաև ռազմաքաղաքական համագործակցության ոլորտները: Անցավ երկու տարի, և այդպես էլ չպարզվեց, թե ովքե՞ր են թալանել, բանակը կամ արդյոք այն թալանվե՞լ է, թե՞ ո՛չ: Եթե Փաշինյանը ճիշտ էր, ապա ինչո՞ւ առ այսօր չկա ապացուցված իրավական գործընթաց, եթե դա սուտ էր, ապա կարո՞ղ ենք արդեն ասել, որ բանակն և զինվորականները ենթարկվել են հանիրավի զրպարտանքների:

Ադրբեջանի դեմ կանգնած հայկական բանակը, ամեն պահ պատրաստ է ետ մղելու հակառակորդի զինված դիվերսիոն ներթափանցումները: Հայկական բանակի օպերատիվ ստորաբաժանումները օր ու գիշեր, տարբեր հաճախականությամբ արձանագրում են ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր՝ ընդհուպ մինչև խոշոր տրամաչափի տեխնիկոյով: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ ռազմական ճանապարհով վերականգնելու է իր գոյություն չունեցող տարածքային ամբողջականությունը: Վերջերս նույնիսկ պարզվեց, որ հայկական տարածքների վրա թուրք-ադրբեջանական տանդեմը ստեղծում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի (Էրիվանի) վտարանդի կառավարություն:

Այսքանից հետո Հայկական Բանակի զինծառայողները միացնում են հեռուստացույցը և լսում, որ իրենց պատերազմական ժամանակի գերագույն գլխավոր հրամանատարը այդ նույն Ադրբեջանին անվանում է ոչ ավե՛լ, ոչ պակաս՝ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ