10 05 2020

Ու՞մ գրպանը գնաց «Էլարդի» 450.000 դոլարը․ Վահագն Վարագյան

Ու՞մ գրպանը գնաց «Էլարդի» 450.000 դոլարը․ Վահագն Վարագյան

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով «Լիդիանի» ՇՄԱԳ-ի համար ՀՀ կառավարության կողմից «Էլարդ» ընկերությանը վճարված մոտ 450.000 դոլարին։

«Ու՞մ գրպանը գնաց «Էլարդի» 450.000 դոլարը

Անցած տարի գործող վարչախումբը փորձեց լուծել Ամուլսարի թնջուկը` պատվիրելով «Էլարդ» ընկերությանը ուսումնասիրել «Լիդիանի» կատարած ՇՄԱԳ-ը: Այսինքն` մի քանի փաստաթուղթ կարդալու համար ՀՀ կառավարությունը հարկատուների փողերից «Էլարդ» ընկերությանը վճարեց մոտ 450.000 դոլար: Այնինչ վերջում այս կազմակերպությունը հայտարարեց, թե ուսումնասիրել է «Լիդիանի» ՇՄԱԳ-ը և չի կարող պատասխանել հարցին` արդյո՞ք բնապահպանական տեսանկյունից անվտանգ է Ամուլսարի շահագործումը: Այս հանճարեղ «ուսումնասիրության» և պատասխանի համար Հայաստանի հարկատուները 450.000 դոլար են վճարել:

Համավարակի այս օրերին, երբ վարչախումբը չի կարողանում աղետի շեմին հասած մարդկանց սոցիալական խնդիրները լուծել և միաժամանակ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հիանալի կլիներ, որ իր վերահսկողական լծակներով ևս մեկ անգամ ուսումնասիրեր, թե ի վերջո ու՞մ գրպանը հոսեց այդ 450.000 դոլարը: Ի դեպ, հենց ներկա վարչախմբի շահերից է բխում, որ այդ հարցը բացահայտվի հիմա ու, եթե ճիշտ են օդում կախված լուրերը, ապա այդ գումարը հիմա վերադարձվի պետական բյուջե: Հատկապես որ հազարավոր մարդիկ այսօր ցամաք հացի խնդիր ունեն և այդ գումարով կարելի է բազմաթիվ խնդիրներ լուծել: Որովհետև հաջորդ իշխանությունն անպայման գնալու է այս թեմայի հետևից և ամենայն հավանականությամբ մարդիկ են հայտնվելու ճաղերի հետևում:

Հիշեք պարոնայք, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում»,- գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ