07 05 2020

Իր ո՛ր ելույթին էր հղում անում Նիկոլ Փաշինյանը. կա՞ կոնկրետ պատասխան․ 168.am

Իր ո՛ր ելույթին էր հղում անում Նիկոլ Փաշինյանը. կա՞ կոնկրետ պատասխան․ 168.am

168.am-ը գրում է․ «Երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության անպատասխան թողեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցը, թե արդյոք բանակցությունների սեղանին դրվա՞ծ է ԼՂ հիմնահարցի  լուծման փուլային տարբերակը, նման փաստաթուղթ բանակցվե՞լ է, թե՞ ոչ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բազմիցս այդ հարցին պատասխանել է։ «Այսօր ևս այդ հարցին պատասխանեցի և ևս մեկ անգամ այդ հարցին պատասխանելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Դուք կարող եք նախորդ շրջաններում իմ արած ցանկացած կամ Ձեր ճաշակով հայտարարություն վերցնել և այնտեղ կգտնեք իմ ասածի հաստատումը: Ես մեր դիրքորոշումը ներկայացրել եմ և ասել եմ՝ սա՛ է մեր դիրքորոշումը՝ անկախ երկրագնդի վրա գոյություն ունեցող մյուս դիրքորոշումներից: Երկրագնդի վրա գոյություն ունեն դիրքորոշումներ, որոնք իրենք իրենց համար գոյություն ունեն: Ձեր ասած հարցին այս ամբիոնից և այլ ամբիոններից բազմիցս անդրադարձել եմ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Արձագանքելով  Տիգրան Ուրիխանյանի պնդմանը, թե  բանակցվե՞լ է նման փաստաթղթի շուրջ, թե՞ ոչ, վարչապետը  պատասխանել էր.

«Եթե իմ ոչ-ը պետք է հանգստացնի, ուրեմն՝ նախորդ 1,5 տարիներին ես բազմիցս հանգստացրել եմ անհանգստացողներին, հիմա եթե այդ ոչ-ը չի հանգստացնում, կարող է հաջորդ պահին կրկին հանգստացնելու կարիք լինի, ես չեմ կարող 24 ժամ բոլորին հանգստացնել, ես ասում եմ` 100 անգամ հանգստացրել եմ»։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից 168․am-ը հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանի կոնկրետ ո՞ր  ելույթներում կամ հայտարարություններում կա  «բանակցությունների սեղանին դրվա՞ծ է ԼՂ հիմնահարցի  լուծման փուլային տարբերակը, նման փաստաթուղթ բանակցվե՞լ է, թե՞ ոչ» հարցի պատասխանը, և ո՞ր ելույթը կարող ենք ներկայացնել՝ որպես կոնկրետ այդ հարցի պատասխան։

Մանե Գևորգյանն ասաց՝ եթե փնտրենք, համացանցում բազմիցս  դրա մասին վարչապետը խոսել է ու ասել է, թե իր դիրքորոշումը որն է։

«Վերջերս կրկին նման հարց էր հնչել, որին որ ես պատասխանել եմ, որ վարչապետի նախկինում արված  հայտարարություններին ավելացնելու որևէ բան չկա։ Նա իր ելույթում երեկ պարզ դրա մասին խոսեց։ Ես հարկ չեմ համարում դրան որևէ բան ավելացնել, դրա մասին Արտաքին գործերի նախարարությունն է իր մեկնաբանությունը տվել։ Ուստի կխնդրեմ, եթե Ձեզ հավելյալ որևէ տեղեկատվություն է պետք, դիմեք ԱԳՆ-ին, իսկ վարչապետի  մեկնաբանություններին այդ հարցով ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց Մանե Գևորգյանը։

Ավելացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որևէ ելույթում մենք չգտանք կոնկրետ այդ հարցի պատասխանը։ Իսկ հարցն ուղիղ այսպես էր հնչել. «Բանակցությունների սեղանին դրվա՞ծ է ԼՂ հիմնահարցի  լուծման փուլային տարբերակը, նման փաստաթուղթ բանակցվե՞լ է, թե՞ ոչ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ