Panorama.am-ը գրում է․ «Անկասկած, շատերն են լսել «ես փոքր մարդ եմ, ի՞նչ կարող եմ անել» արտահայտությունը: Չգիտեմ ում ինչպես, բայց ինձ այն նյարդայնացնում է մի քանի պատճառով։ Նախ՝ իրեն հարգող մարդը երբեք ինքն իրեն չի նսեմացնի։ Եվ հետո՝ կյանքը, պատմությունն ու ու գրականությունը ցույց են տվել, որ ամենամեծ ստորություները ծնվում են հենց այդ փոքր հոգիներում։
Լավագույնս հարմարվելով օրվա պայմաններին՝ քամելեոնական նուրբ հոտառությամբ օժտված փոքր մարդը զգում է իր նմաններին միավորող խորշը․միակ տեղը, որտեղ իրենց կարևորված են զգում շահամոլ, անսկզբունք ու եսակենտրոն այդ արարածները։ Նրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած ոչինչ է ... միասին են բանակ դառնում։
Այսօր նրանք համալրում են ֆեյքերի բանակը, որտեղ ստեղծված են իդեալական պայմաններ՝ իրենցից ոչինչ չներկայացնող այդ տեսակի լիակատար դրսևորման համար․․․ ընդամենը մուտք գործիր սոցցանց ու սրտիդ ուզածի չափ հայհոյիր ու անիծիր թիրախ նշանակված մարդկանց։ Եթե նույնիսկ այդ մարդը հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, 2012 թ-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թ-ի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է՝ Սպիտակ արջը։ Եվ պետքներն էլ չի, որ ողջ ֆեյքային բանակն իր տերերով հանդերձ Հայրենիքին նրա մատուցած ծառայությունների կես տոկոսն էլ չի արել։
Էլ չենք խոսում «նախկին ռեժիմի» ներկայացուցիչների, Ռոբերտ Քոչարյանի և նրան մոտ կանգնած մարդկանց, պարզապես այլ կերպ մտածողների հասցեին «ֆաս» հրամանով խուժանական հարձակումների մասին։ Բայց եթե անգամ հիմա մարդկանցից թաքնվեն կեղծ ավատարներով, Աստված նրանց կպատժի հայկական իրականությունում փողոցային գռեհիկ հայհոյանքը սովորական երևույթ դարձնելու համար։ Գրավոր հայերենը հայհոյանք չի սիրում․․․ գրված հայհոյանքի ամեն տառը ֆեյքերի ժառանգների քթից է գալու, որովհետև նման հանցանքները պատժվում են վերին ուժեր կողմից։
Բայց ֆեյքային բանակ կազմած այդ փոքր մարդիկ իրենց արածի հետևանքների մասին չեն մտածում, պետությանն իրենց հասցրած վնասի չափը չեն գիտակցում։ Նրանց ընձեռնվել է իրենց ստորին բնազդներն արտահայտելու հնարավորություն, ինչն այս պահին օգտագործում են լիուլի։ Նրանք ունեն մեկ տեր և մեկ կուռք։ Այսօր այդ դերում վարչապետն է։ Փոքր մարդն ինչ կրքով որ պաշտպանում է իր կուռքին, տասնապատիկ եռանդով փնովում-վարկաբեկում է նրա հակոտնյաներին առանց երևալու՝ կեղծ անունով, կեղծ նկարով, կեղծ նվիրվածությամբ։ Ամենակարևորը՝ որևէ պատասխանատվություն չկա ո՛չ գրածիդ բովանդակության, ո՛չ գրագիտության, ո՛չ հավաստիության համար։
Տերը տվել է «դոբրոն» և ինքն էլ օրինակ է ծառայում «ավե՛լի ստախոս , ավե՛լի ցինիկ, ավե՛լի ամբարտավան» մրցավազքում։ Եվ կարևոր էլ չէ, որ արդեն շատ-շատերին է տեսանելի, որ այլախոհների ու հակառակորդների հասցեին նետված վարչապետական ցանկացած պիտակավորումը 180 աստիճանով շրջելիս՝ բնորոշում են հենց իրեն։ Այս դրվածքով արդյոք պատահական է, որ նիկոլյան օրերում ամենից գնահատավող արժանիքներն են դարձել կույր ենթակայությունն ու ստորաքարշությունը, խաբեբայությունն ու անձնասիրությունը, սեփական շահի գերակայությունն ու անթաքույց շահամոլությունը։
Իսկական փոքր մարդու հոգին է փոքր, ինչը բացարձակ կապ չունի նրա ֆինանսական վիճակի հետ։ Օրինակ, հիմա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ունի ամեն ինչ, բայց դրանից նրա ներքնաշխարհը բնավ չի փոխվում, փոքրոգությունը չի նվազում, ներսի չարությունն ու մաղձը չեն վերանում․․․ Իր անձնական գործը կլիներ, եթե նրա այդ որակները մեր պետությունը կործանման չտանեին»։
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը