02 05 2020

Հայրենադարձության մասով զգացվում է հայեցակարգի բացակայությունը․ Գևորգ Դանիելյան

Հայրենադարձության մասով զգացվում է հայեցակարգի բացակայությունը․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մենք մեկնում ենք արտասահման և այցելում հայկական սփյուռքի տարբեր համայնքներ, սակայն ՌԵՊԱՏՐԻԱՑԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒՄԸ մեր առաջնահերթությունը չենք համարում». Սա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Մինասյանի դիրքորոշումն է։

Գուցե զուտ հնարավորությունների տեսանկյունից, սա ընկալելի մոտեցում է (թեպետ՝ այս համատեքստում ևս այլ հարցեր են ծագում՝ կապված օրինակ հնդիկների զանգվածային ներհոսքի հետ), սակայն խնդիրը առավելապես այս քաղաքականության ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ հետ է առնչվում. «Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆԸ» (Սահմանադրության 19-րդ հոդված)։

Հավելենք նաև, որ վերջին մի քանի տասնամյակներում սփյուռքում ազգային ինքնության պահպանման սահմանադրական առաքելությունը դարձել է, մեղմ ասած, խիստ խոցելի, անգամ առաջին սերնդի զավակների գերակշիռ մասը չի տիրապետում նույնիսկ բանավոր մայրենիին։

Սա, ինչ խոսք, միայն գործադիր իշխանության գործառույթների որակով չէ պայմանավորված, զգացվում է իրատեսական ու անհրաժեշտ տեսլական երաշխավորող հայեցակարգի բացակայությունը, որը հենված չի լինի սոսկ հայատառ դասագրքերի առաքմամբ, որոնք այդպես էլ մնում են փաթեթավորված։

Ակնկալում ենք, որ իրավասու մարմիններում ժամանակ գտնեն և ուսումնասիրեն իմ և Նանե Ղազարյանի կողմից 2017 թ. հրատարակած «Սփյուռքի համայնքների իրավական կարգավիճակը (ԵՄ, ԱՄՆ, ԱՊՀ երկրներ)» հետազոտությունը ...»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ