Կառավարման համակարգում հակասությունների, իրարամերժ հայտարարությունների ծավալը և որակը ապշեցնող է։ Տպավորություն է ստեղծվում, թե միասնական կառավարում այլևս գոյություն չունի, և ամեն լայվ պատասխանատու է միայն իր համար։ Վարչապետն ու նախարարները հակասում են ոչ միայն միմյանց, այլև իրենք իրենց՝ մի օր բան, վաղը՝ նույն թեմայով լրիվ հակառակը։ Հակասություններ արձանագրվում են ոչ միայն տեսակետների և անելիքների առումով, այլև՝ թվերի։ Թվում է, թե ընդամենը պետք է թվերը ճշտել, և դրանք նույնը կլինեն բոլորի համար։ Ապրիլի 21 ին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարել էր, որ մինչ այս պահը Հայաստան են վերադարձել մոտ 22000 մեր հայրենակիցներ։ Աշխարհագրությունը բավականին լայն է՝ ԱՄՆ, ՌԴ, Ղազախստան, Ուկրաինա, Չեխիա, եվրոպական այլ երկրներ: Ժամանածների վերաբերյալ զարմանալիորեն այլ թիվ է ներկայացնում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի շրջանակում տեղի ունեցած զրույցում նա հայտնել է, որ Մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի։ Ապրիլի 26-ին Արսեն Թորոսյանը Ազատություն ռադիոկայանի հարցազրույցում արձանագրեց, որ արտերկրից վերադարձածների 10-15 տոկոսի մոտ լինում են հաստատված դրական պատասխաններ։ Արտգործնախարարն ու իր փոխնախարարը լրիվ տարբեր թվեր են ներկայացնում. մի պարզ հարցի շուրջ՝ մոտ 300 տոկոսի անճշտություն։ Մնում է հարցնել՝ իսկ կարո՞ղ է Լավրովի հետ էլ են այդպես բանակցում ու մինչև հիմա չեն հասկանում՝ փուլայի՞ն, թե փաթեթայի՞ն լուծման մասին է խոսքը։ Առողջապահության նախարարը լրիվ այլ մոլորակ է ներկայացնում. ըստ նրա թվերի՝ միայն հայրենիք վերադարձածների հաշվին մենք պետք է ունենայինք մինչև 6-7 հազար հիվանդ։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ այսօր ողջ կառավարման համակարգն է այսպիսին՝ ցաքուցրիվ և անվստահելի։ Եթե այո, ապա կանխատեսումները խիստ ոչ հուսադրող են։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը