30 04 2020

Սպառնալիք հանրային համերաշխությանը․ «Իմ ձայնը»

Սպառնալիք հանրային համերաշխությանը․ «Իմ ձայնը»

Մեր երկրում տեղի ունենում չափազանց վտանգավոր երևույթներ, որոնք անմիջականորեն կապված են վարչապետի «սամասուդի» կոչերի, երկու տարվա ընթացքում գեներացված ագրեսիայի և ատելության մթնոլորտի հետ։

Վարչապետ Փաշինյանը իր լայվերում խոսում է մարդկանց տներից հանելու և «սամասուդ» անելու հնարավորության մասին, դրան հետևում է արտակարգ դրության պայմաններում Գավառում տեղի ունեցած ծանր հանցագործությունը և ոստիկանության ներկայությամբ իրականացված հաշվեհարդարը։

Սրա արմատները ագրեսիայի և թշնամանքի այն չափաբաժնի մեջ է, որը երկու տարի շարունակ եթերներից, լայվերից ներարկվում է մեր հասարակությանը։ Սա նաև քաղաքական դատավարությունների արդյունքում հասարակության բաժանումների երկարատև փուլի հետևանքն է։ Յուրաքանչյուր հաջորդ օր իր մեջ պարունակում է նոր «սամասուդի» հնարավորություն, հատկապես եթե հաշվի առնենք համավարակի ֆոնի վրա ձևավորվող տնտեսական լարվածությունը և սոցիալական խնդիրները։

Սա իրական սպառնալիք է ներքին կայունությանը՝ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների ոտնահարման համատեքստում։

Սա սպառնալիք է հանրային համերաշխությանը և փոխհանդուրժողականությանը։

Ուստի դիմում ենք միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին, դիվանագիտական առաքելություններին, որպեսզի, հիմք ընդունելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց առաքելությունը, լուռ չհետևեն հասարակության պառակտման խորացմանն ուղղված գործընթացներին, պատշաճ գնահատական տան ատելության և ներքին թշնամանքի խորացմանն ուղղված քաղաքականությանը, փորձեն նպաստել օրինականության և հանրային համերաշխության վերականգնմանը։

«Իմ Ձայնը» նախագիծ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ