ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է իր և Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպին։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ Դանիելյանին փողոցում է պատահաբար հանդիպել, վերջինս երկար նայել է իր ուղղությամբ, որին ի պատասխան նա բարևել է Արթուրին։
«Ես ասացի բարև Արթուր, որին ի պատասխան ես ներողություն եմ խնդրում, լսեցի բարև ..., ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ լինել անկեղծ և պատմել գրեթե ամեն ինչ։ Ես մոտեցա և ասացի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին և գլխով հարվածեցի քթին։ Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ, ով հիմա դիտում է, յուրաքանչյուր երիտասարդ, չի կարող ասել, թե թերեւս ճիշտ էր այլ կերպ վարվելը»,- պատմեց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը նշեց նաև, որ անկախ այն հանգամանքից, որ ինքը պետական պաշտոնյա է, չի կարող թույլ տալ, որ փողոցում քայլող որևէ մեկը իրեն բարև տվողին սեռական բնույթի հայհոյանք տա։
Սիմոնյանի խոսքով՝ հարվածին հաջորդել է փոքր ծեծկռտուք։ Նա նշեց, որ Դանիելյանի հետ գտնվող երկու անձինք ևս հարվածել են իրեն և ծեծկռտուք է եղել, որին միջամտել են փողոցում քայլող մարդիկ, և երեք անձինք հեռացել են տարածքից։
«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքի համար, եթե սխալ եմ վարվել, թեև այն քայլերը, որոնք ես արել եմ, գնահատում եմ որպես ինքնապաշտպանություն»,- ասաց Սիմոնյանը։
Մանրամասները տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը