7or.am-ը գրում է․ «Երբ ոստիկանության տարածքը գրաված, ոստիկան սպանած մարդիկ բարձր ընդունելության են արժանանում կառավարությունում և վարչապետի հետ քննարկում քաղաքական հարցեր, ապա բնական է, որ ոստիկանության նկատմամբ հարգանքը պետք է զրոյանա։
Երբ պետության ղեկավարն ամբոխավար է և բարդակիզմը վերածված է պետական քաղաքականության, ապա բնական է, որ երկրում գանգստերական կրքեր են բորբոքվելու։
Երբ երկրում, իբր, պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ ու խորհրդարանը դարձնում քուչի բազառի տեղ, ապա բնական է, որ իշխանության հովանու ներքո գործող նորատուսցի քրեական ենթամշակույթատերերը պետք է ներխուժեն Գավառի հիվանդանոց և իրենց ուզածն անեն՝ ոստիականության հեզ ու խոնարհ հայացքի ներքո։
Երբ 2008–ի մարտի 1–ին իրենց սահմանադրական պարտքը կատարող ոստիկաններին սամասուդ անելը Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր համարում, ապա բնական է, որ նրա վարչապետության օրոք ոստիկանությունը դարձել է պոլի շոր։
Երբ վարչապետի մակարդակով կոչ է արվում շրջափակել դատարանները, ապա բնական է, որ բեսպրեդելի ու անարխիայի մթնոլորտ պետք է տարածվի։
Երբ պոպուլիստական ու դեբիլիստական պատճառներով հայտարարվում է, թե բա արտակարգ դրության ժամանակ կարող եք չմուծել կոմունալ վարձերը, ապա բնական է, որ ունևորն էլ, չունևորն էլ չեն վճարելու։ Հո հարի՞ֆ չեն։ Ու կապ չունի, որ հետո ասում ես՝ ղալաթ եմ արել, էմոցիոնալ եմ եղել, սխալվել եմ։ Դու արդեն փլում ես էներգետիկ համակարգը, որը էներգետիկ ճգնաժամից դուրս է եկել նաև պարտաճանաչ մուծումների արդյունքում։ Դու պոպուլիզմի պատճառով զուգահեռաբար փլուզում ես նաև մյուս համակարգերը, այդ թվում՝ ոստիկանությունը։
Երբ դու հանրահավաքային հարթակից ապօրինաբար հայտարարում ես, որ ոստիկանությունը հանուն քո հակաիրավական ցանկության պետք է ասֆալտին պառկեցնի մարդկանց, նկարի այդ գործընթացը և գցի տեսանյութը համացանց, ապա բնական է, որ ոստիկանը դրանից հետո դառնում է գավառական թատրոնի դերասան ու Գավառում վերածվում պասիվ դիտորդի։
Երբ դու Ամուլսարում, անկախ բնապահպանական խնդիրների լինել–չլինելուց, չես կարողանում ճանապարհ բացել և հարվածի տակ ես դնում պետության լեգիտիմությունը, ապա բնական է, որ ոստիկանական պատնեշի վրա կգրոհեն քո իսկ կողմից հպարտ որակված քաղաքացիներն ու կդիմեն քո սիրած սամասուդի օգնությանը։
Երբ դու արտակարգ դրության ու մեր երկրին պատած վտանգի պայմաններում անգամ ատելության ու թույնի մթնոլորտ ես ստեղծում, ապա բնական է, որ մարդիկ գազազելու են ու ամենաթողության ձգտեն։
Երբ տրանսգենդերները մտնում են ոստիկանության շենք, ոստիկան ծեծում ու քո հրահանգով դրան ընթացք չի տրվում, ապա բնական է, որ ոստիկանին բանի տեղ դնող արդեն չի լինելու։
Երբ ոստիկանությունը դառնում է քո հոգեկան տվայտանքների գործիք ու ընդդիմախոսներիդ բերման ենթարկելու «կանտոռա», ապա բնական է, որ այդ կառույցն այլևս հարգանք չի վայելելու։
Երբ դու ամբողջ գիտակցական կյանքում քարոզում ես ուսադիրավորների դեմ, պատերազմ հայտարարում պատերազմում հաղթածներին ու դառնում դասալիքների իշխանության «վոժդը», ապա բնական է, որ ուժային կառույցները պետք է կորցնեն իրենց դերը, պատիվն ու նշանակությունը։
Եվ վերջապես, երբ դու պատմական պատահականություն ես, ապա բնական է, որ քո ղեկավարման ներքո պետությունը պետք է գլխատվի։ Դա կանգնեցնելու համար պետք է շուռ տալ պատմական պատահականության էջը և առաջ գնալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը