Իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այո, մենք այն ժամանակ ասել ենք, որ արտակարգ դրության ժամանակ հոսանքի եւ գազի անջատումներ չեն լինելու։ Բայց մենք ի՞նչ իմանայինք, որ այս վիճակը երկար է տեւելու։
Այն ժամանակ մենք հույս ունեինք, որ մեկ ամսում ամեն ինչ կավարտվի։
Այսօր այս միտքն ուղիղ եթերում ասել է Փաշինյանը։
Հենց դրա համար եմ ասում, որ իշխող քաղաքական միավորը տարերային պետական կառավարում է իրականացնում։ Հենց դրա համար եմ ասում, որ ապաշնորհ կադրային քաղաքականություն եք վարում։
Որ նույնիսկ կանխատումներ անելուն ունակ չեք, այդ դեպքում ինչպե՞ս եք պետությունը կառավարելու համարձակություն ստանձնել։
Ասում է՝ ո՞վ կարող էր ասել, թե ինչքան կտեւի արտակարգ դրությունը։ Շատ-շատերը կարող էին ասել ու ասել են։ Լավ, բա միջազգային փորձն ինչի՞ համար էր, որ պարբերաբար անպատեհ առիթներով հենց դրան եք հղումներ անում։ Բա չէիք տեսնո՞ւմ, թե ինչ է կատարվում Չինաստանում, Իրանում, Իտալիայում։
Ունենալով էականորեն բարենպաստ պայմաններ, քանի որ կորոնավիրուսը բավականին ուշ հասավ Հայաստան եւ ուսումնասիրության համար մեծ փորձ էր առկա, չկարողացա՞ք կանխատեսումներ անել։
Սա էլ հո պետական կառավարման համակա՞րգը չէ, որն իբր ձեզ դեմ է։ Չլինի՞ այս իրավիճակն էլ են նախկինները արել։
Իսկ երբեւէ մտածե՞լ եք, թե ինչն եք դուք սխալ անում։ Հենց մտածեք ու հասկանանք բավականին բան կփոխվի։ Բայց, ցավոք, երկու տարին ցույց տվեց, որ չեք մտածելու եւ չեք տեսնելու, հետեւաբար՝ որեւէ լավ բան այլեւս սպասելը ձեր կառավարությունից ընդամենը միամտություն կլինի։
Ուժ գտեք մեջներդ, խելքներդ գլուխներդ հավաքեք եւ, քանի դեռ շատ ուշ չէ, փոխեք ձեր կառավարության կազմի առնվազն 97 տոկոսին, առաջնահերթ՝ ձեր վարչապետին։
Ֆեյքերով պետություն չեք պահելու։ Ֆեյքերով նույնիսկ ձեր իշխանությունը չեք կարողանալու պահել։
Իրական հեղափոխությունն անհրաժեշտություն է, իսկ դա անելու հնարավորություն դեռեւս ունեք նաեւ դուք, քաղաքական մեծամասնությունդ...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը