ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին լայվ էր մտել։
Ֆեյսբուքյան եթերում վարչապետը նշեց․ «Ես վստահ չեմ, բայց կարծում եմ`երրորդ հանրապետության պատմության ամենամեծ հարկ վճարողներից մեկն է եղել «Հայկական ժամանակ օրաթերթը: Կարծում եմ`շատ լավ առիթ է՝ թերթը հանդես գա հայտարարությամբ եւ իր վերջին եւ իր վերահիմնադրման օրից հաշվետվություն տա: Պարզ է, որ լրատվամիջոցների կյանքը առաջիկա 10 տարվա համար պլանավորված է եղել եւ փլուզվել է եւ այսօր իշխանությունը չի վերահսկում լրատվամիջոցներիյն եւ չի էլ վճարում լրատվամիջոցներին, չնայած իմ վարչապետ լինելու առաջին օրից այս հարցը եղել է մեր օրակարգում, թե մենք ինչպես պետք է անենք, որ լրատվամիջոցների ազատության համար երաշխիքներ ստեղծենք»,- ասաց վարչապետը`նշելով, որ ԱԺ-ում այս պահին էլ նախագիծ կա այս հարցի վերաբերյալ:
Փաշինյանը նշեց․ «Հիասթափության առանձին խումբ են ընկերներն ու բարեկամները, որոնք մտածում են, որ իրենց կյանքում կարծես շոշափելի բան չի փոխվել։ Ասում են՝ երեկ, նախորդ օրը ընդամենը պատգամավոր էր, դրանից առաջ լրագրող էր, դրանից առաջ բանտարկյալ էր, էսօր վարչապետ է, բայց իրենց կյանքում կարծես շոշափելի բան չի փախվել:
Իմ տեսակետից դա լավ է, որովհետեւ արդյունավետ է այն իշխանությունը, որ կարողանում է առաջին հերթին սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին:
Այս առումով մենք նույնպես բավականին արդյունավետ ենք գործել, բայց սա իր հետ բերել է որոշակի լարվածություններ, հիասթափություններ, նաեւ հաշվի առնելով կողքից ճնշումները: Որովհետեւ կողքից մարդկանց ասում են՝ ընկերդ չէ՞ր, էս 2 տարվա մեջ քեզ համար ի՞նչ է արել, քեզ համար մի բան արած կա՞»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իր տեսակետից լավ է, որ ինքը ոչ մի բան չի արել զուտ որպես ընկեր: «Որովհետեւ եթե մենք պետք է անենք մեր ընկերների ու բարեկամների համար, հիմա հարց, բա էն մնացածը, որ մեր ընկերները, բարեկամները չեն, իրենց համար ով եւ ինչպես պետք է անի»,-ասաց վարչապետը։
Հաջորդ հիասթափության աղբյուրը նյութական ակնկալիքով հեղափոխությանը միացած մարդիկ են:
«Նրանք հույս ունեին, որ հեղափոխությունից հետո հին ազդեցության գոտիների վերաձեւակերպում տեղի կունենա եւ իրենք կստանան շատ կոնկրետ բաժիններ: Նույնիսկ կոնկրետ մարդկանց օրինակներ կան, որ տնով-տեղով եկել են X պահի ներգրավվել են քայլարշավի մեջ, հետո տեղի է ունեցել հեղափոխությունը, հետո տարբեր առաջարկներ են արել, ուզեցել են աշխատել X պաշտոնում, Y պաշտոնում, ընդգրկվել «Իմ քայլի» համամասնական ցուցակի մեջ: Օբյեկտիվ ինչ-ինչ պատճառներով մերժում են ստացել եւ դրանից մեկ շաբաթ անց արդեն հայտնվել են նախորդ իշխանության տանիքի ներքո՝ «արդարության» պայքարում: Սա ես քննադատելու համար չեմ ասում, այլ որպես պոտենցիալ հիասսթափության աղբյուր: Ասում են՝ բա մենք քայլել ենք, բա այդ քայլածը կոնկրետ նյութական բանով չենք կարողանո՞ւմ փոխակերպել: Ես այս հարցին բազմիցս անդրադարձել եմ»,-ասաց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը