16 04 2020

Թիրախավորելով Կաթողիկոսին՝ թիրախավորում ենք Հայոց եկեղեցին. Լիլիթ Գալստյան

Թիրախավորելով Կաթողիկոսին՝ թիրախավորում ենք Հայոց եկեղեցին. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության մասին բարձրաձայնելուց հետո Գարեգին Բ-ի դեմ սկսված արշավի մասին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այն, ինչ այս օրերին դրսևորվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ մեր օրերի քաղաքական, բարոյական և քաղաքակրթական արձագանքն է, գեներացվող արժեքների ու քաղաքական ձեռագրի կամերտոնը: Ցավալի կամերտոնը…

Դժվարանում եմ պնդել, թե այս ագրեսիվությունն ինչ ակունքներից է սնվում, արժեհամակարգային ինչ ենթահող ունի, բայց մի բան հստակ է՝ արդեն տևական ժամանակ այն հարվածում մեր համահայկական կյանքում անուրանալի ներդրում ունեցած կարևորագույն ազգային ինստիտուտիներին, մեր պետականությանը, խարխլում է մեր ազգային միասնականությունը:

Անկարելի էր պատկերացնել, որ Քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած պետության մեջ, պետական պաշտոն իրականացնող անձանց կողմից այսպիսի դատապարտելի վարքագիծ կդրսևորվի:

Թիրախավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թիրախավորում եք Հայոց Սուրբ Եկեղեցին, վիրավորում հազարավոր հավատացյալների նվիրական զգացումներն ու արժանապատվությունը: Այս հարվածներից եկեղեցին ու նրա նվիրյալները դուրս են գալու, բայց ի՞նչ գնով, ինչի՞ համար են այս ներքին վերքերը, ու՞մ են պետք…

Համավարակի այս ծանր օրերին, երբ այն հաղթահարելու գրավականներից մեկը ազգային միասնությունն է, բարեսիրության, գթասրտության, հոգատարության և սիրո ոգին, ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն՝ ՉՄԵՐԺԵԼՈՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ, քրիստոնեական ամենահասկանալի, ամենամարդկային, հայրապետական դիրքերից հորդորում, խնդրում է գթասրտություն դրսևորել:

Մի՞թե սա չի տեղավորվում քրիստոնեական և քաղաքակրթական վարքականոնի մեջ, միթե սա չի տեղավորվում միջազգային մի շարք կազմակերպությունների՝ համավարակի կոնտեքստում մարդասիրական լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կոչի շրջանակներում:

Մեր ազգային և պետական ինստիտուտների դեմ ուղղորդվող այս ագրեսիվ արշավը, անհանդուրժողականությունը, պիտակավորումն ու ներքին թշնամիների որսը հոգեբանական ահաբեկչության զինանոցից է, ծրագրավորված ու մշակված հայտնի քաղաքական տեխնոլոգիաներով: Սա հստակ է… Նրա հետևանքներն անխուսափելի են մեր բարոյական նկարագրի, նրա հոգեբանական կերտվածքի վրա: /Սահմռկում ես, երբ կարդում ես մեր որոշ հայրենակիցների գրառումները. բայց, եթե պետական պաշտոնյան նման լեզվամտածողությունն ունի, բնական է, որ հանրային անդրադարձը չի ուշանա/:

Համավարակը կանցնի, կմնան նրանով պայմանավորվաած աշխարհաքաղաքական, տնտեսական, սոցիակական, ֆինանսական, բարոյական, մի խոսքով՝ պետության անվտանգային, գոյաբանական խնդիրները…

Բայց դուք մտածում եք, պատկերացնում եք, որ հանուն քծնանքի, հեղափոխական պոպուլիզմի, հանուն անփառունակ իշխանության, խաթարելիով ու պղծելով մեր արժեքային համակարգը, թուլացնելով ու հյուծելով ներազգային դիմադրողականությունը՝ դժվար հաղթահարելի եք դարձնում երկրի ապաքինումը»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ