Ոստիկանությունը ցանկացած պետության իրավակարգի պահպանության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, ու իհարկե, նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, ընդհուպ, տնտեսական ու քաղաքական ազատությունների պահպանման ու կիրառելիության մակարդակը:
Այս մասին կառավարության ապրիլի 16ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ՀՀ ոստիկանապետին ու ոստիկանության ողջ անձնակազմին՝ Ոստիկանության օրվա առթիվ։
«Պետք է արձանագրել ու խոստովանել, որ Հայաստանում ոստիկանության ու հանրության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն ունեցել, դրանք ունեցել են բազմաթիվ բարդություններ, նույնիսկ ճգնաժամեր։ Այսօր մեր մեծագույն խնդիրն է հաստատել լիարժեք փոխվստահություն ու լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ, ու դա մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից է»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոստիկանության բարեփոխումները շարունակում են մնալ իրենց օրակարգի կարևոր առաջնահերթություններից մեկը, և այդ օրակարգում երկու կարևոր հենասյուն կա: «Առաջինը՝ հանրության լիարժեք վստահությունը ոստիկանության նկատմամբ, երկրորդը՝ ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը, նաև կարևոր է ոստիկանության իմիջի բարեփոխումը։ Ոստիկանությունն իսկապես պետք է փոխվի ու փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին»,- ասաց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նաև մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն ոստիկանների հիշատակը, որոնք զոհվել են ՀՀ օրենքը, իրավունքը պաշտպանելիս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը