Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախը ներքին կայունության ու անվտանգության մեծ ռեսուրս ունի, փաստորեն։ Նախագահական ընտրությունների առաջին փուլը ցույց տվեց դա՝ մոտ 15%։ Հրաշալի է։ Չեմ բացառում, իհարկե, որ այդ թիվը, իրականում, էլ ավելի մեծ է, բայց 15-ն էլ է տպավորիչ։ Հետևապես Արցախի հաջորդ իշխանությունները մի հարցում կարող են շատ հանգիստ լինել՝ ի դեմս Վիտալի Բալասանյանի ու նրա գիտակից ընտրողների լուրջ անվտանգության բարձիկ ունեն։ Ընդ որում, այդ բարձիկը կգործի՝ անկախ այն բանից կհամագործակցե՞ն արդյոք հաջորդ իշխանությունները Բալասանյանի հետ (կամ կցանկանա՞ Բալասանյանը համագործակցել), թե ոչ։
Իսկ որ անվտանգության ու ներքին կայունության նման ռեսուրս Արցախին հիմա շատ է պետք, կասկածից դուրս է։ Ես գրեթե չեմ կասկածում, որ հայկական երկրորդ պետության հաջորդ ղեկավարը Արայիկ Հարությունյանն է լինելու։ Մարդ, ում բացասական մեծ ռեյտինգից օգտվել ցանկացողների ոհմակն արդեն կազմ-պատրաստ կանգնած է։ Ստեփանակերտի ու Արցախի այլ քաղաքների փողոցներում վերջին շրջանի խուժանությունները գարնան առաջին ծաղիկներն են։ Ու եթե ժամանակին կանխարգելիչ ճիշտ քայլեր չարվեն, այդ ամենն անկասկած շարունակվելու է։
Ոչ, ես չեմ խոսում Բալասանյանի հետ ինչ-որ համագործակցություն սկսելու անհրաժեշտության մասին։ Ճիշտն ասած՝ այս իրավիճակում նման հնարավորություն էլ չեմ տեսնում։ Բայց Արցախի հաջորդ ղեկավարը չի կարող թույլ տալ, որ հասարակության ընդդիմադիր հատվածի շահը, որն, ի դեպ, աննախադեպ մեծ է լինելու, Սամվել Բաբայանը ներկայացնի։ Նման բան չի կարող թույլ տալ նաև Վիտալի Բալասանյանը, Բակո Սահակյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանն ու Արցախի շատ ուրիշ նվիրյալներ։ Ուստի Բալասանյանը պարզապես պարտավորված է այդ ծառայությունն էլ մատուցի Արցախի Հանրապետությանը ու մեր բոլորիս համընդհանուր շահին։
P.S. Ցանցում տեսա, որ ընկերներիցս շատերը առաջարկում են Արայիկ Հարությունյանին համերաշխության կառավարություն կազմել՝ իր կաբինետում ընդգրկելով նաև Սամվել Բաբայանին։ Ես դեմ եմ։ Ինչու՞։ Որովհետև Բաբայանը քիչ հանցագործություններ չի գործել Արցախի քաղաքացիների և պետականության դեմ։ Նմանները չեն կարող համերաշխության տարր լինել։ Բացառված է։
P.P.S. Մի առանձին մոմ էլ պետք է վառենք ՀՅԴ-ին տրված 6.5%-ի համար։ Դա արդեն լրիվ ուրիշ խոսակցություն է։ Բայց կոդը կասեմ՝ սորոսանմաններն այնտեղ շանս չունեն։ Հանգիստ եղեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը