Արցախի ընտրություններին մնացել է մեկ օր, սակայն պարետատունը հստակ տեղեկատվություն, թե ինչպես եւ որտեղ են թեստավորելու կորոնավիրուսի դեմ, սահմանին ինչ ստուգումներ են արվելու, դրանք տարածվելու են միայն դիտորդների, թե լրագրողների վրա, չի հայտնում: Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ․
Արցախի ընտրություններին մնացել է մեկ օր, սակայն պարետատունը հստակ տեղեկատվություն, թե ինչպես եւ որտեղ են թեստավորելու կորոնավիրուսի դեմ, սահմանին ինչ ստուգումներ են արվելու, դրանք տարածվելու են միայն դիտորդների, թե լրագրողների վրա, չի հայտնում:
Պարետատունն անկազմակերպ է, Երեւանից մեկնող դիտորդների հետ կապ չեն հաստատում՝ ներկայացնելու կարգը:
Անորոշությունից շատ լրատվամիջոցներ խուսափում են գործուղել իրենց լրագրողներին: News.am-ը հայտարարել է, որ լրագրող չի գործուղի Արցախ՝ նշելով, որ կիսում են այն մտահոգությունները, որ Երեւանից մեկնող անձինք կարող են կորոնավիրուսի պոտենցիալ վարակակիր լինել եւ իրենց այցով վարակի տարածման վտանգ ստեղծել: Բացի այդ, կարծում են կորոնավիրուսի հայտնաբերման թեստերն ավելի անհրաժեշտ են Երեւանում՝ պոտենցիալ հիվանդներին կամ դրա կասկածն ունեցող անձանց:
Որտեղ են թեստ հանձնում, ով է կապվում լրագրողների ու դիտորդների հետ, թե վերջիններս իրենց նախաձեռնությամբ պետք է դիմեն, պարզ չէ: Ի դեպ, հանրային հեռուստաընկերությունն երեկ կիրակնօրյա թողարկմանը 7 րոպեն գերազանցող ռեպորտաժ էր ներկայացրել Արցախից, որտեղ, այսպես ասած, խոսվում էր ամեն ինչից, բացի այս կարեւոր հարցերից, որոնք այս օրերին քննարկվում են լրագրողների շրջանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը