Politik.am-ը գրում է. Դատենք ինքներդ, այսօր ողջ աշխարում ընթանում է կորոնավիրուսի դեմ դժվարին պայքար: Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում մտցված է ռազմական դրություն, երբ քաղաքացիներին ընդհանրապես արգելված է դուրս գալ իրենց տներից: Վրաստանում, Ադրբեջանում արգելվել են բոլոր զանգվածային միջոցառումները: Իրանում վարակվածների թիվն ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով: Հայաստանում վարակվածների թիվն ամենա շատն է տարածաշրջանում և այդ իսկ պատճառով մտցված է արտակարգ դրություն: Հայաստանում չեղարկվեց նաև հանրաքվեն:
Մինչդեռ Հայաստանի հետ միասնական տնտեսական, քաղաքական և անվտանգության համակարգում գտնվող, ինչպես նաև Հայաստանի հետ ազատ տեղաշարժման ռեժիմ ունեցող Արցախում կարծես ոչ մի բան չի պատահել և ընթանում է նախընտրական արշավ: Ի՞նչ է սա եթե ոչ քաղաքական անմտություն:
Եթե նախընտրական արշավի մասնակիցները չգիտակցեն այս ամենի վտանգավորությունը, ապա վարակի հնարավոր տարածման դեպքում նրանք են կրելու են այս ամենի պատասխանատվությունը: Նույնը վերաբերվում է Արցախի ներկայիս պատկան մարմիններին: Այս հարցում ջայլամի քաղաքականություն վարելը հղի է լուրջ վտանգներով:
Բակո Սահակյանը պետք է գիտակցի սեփական պատասխանատվությունը և արտակարգ գործողությունների դիմի։ Տեղին է նշելը, որ Արցախն, ի տարբերություն Հայաստանի միջնաբերդ է, որտեղ ամեն ինչ ենթարկվում է անվտանգությանը: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե Արցախում տարածվի այս վտանգավոր կորոնավիրուսը: Իմաստ չունի հիշեցնել, որ եթե վարակը Հայաստանի համար մարդկանց առողջության և տնտեսական խնդիր է, ապա Արցախի համար դա առաջին հերթին կարող է դառնալ անվտանգության խնդիր:
Մի՞թե պարզ չէ, որ Ադրբեջանը հենց դրան էլ սպասում է, որպեսզի հարմար պահին օգտվի մեր անփութությունից: Պետք է բոլորս հիշենք, որ այս համաշխարային համաճարակի պարագայում ընտրություններ անցկացնելը կատարյալ անմեղսունակություն է: Դրա համար էլ, գրեթե ամենուրեք այն չեղարկվում է: Նույնիսկ Ռուսաստանի հանրաքվեն է Պուտինը պատրաստվում հետաձգել: Իսկ Արցախում ընտրությունների չեղարկումն ու հատուկ դրություն մտցնելը այս պահին միակ հնարավոր միջոցն է: Քանզի հակառակ դեպքում այդ ընտրությունում գլխավոր հաղթողը կլինի կորոնավիրուսը։ Չհաշված իհարկե Ադրբեջանին։ Բայց չէ՞ որ կարևորն արցախցու հաղթանակն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը