20 03 2020

Ռադիկալ իսլամի համար դատվածները նախագահի թեկնածուի համակիր են. Բելլա Լալայան

Ռադիկալ իսլամի համար դատվածները նախագահի թեկնածուի համակիր են. Բելլա Լալայան

168.am-ը գրում է․ «Օրերս Արցախի  Հանրապետության Մարտունի համայնքի համայնքապետը թույլ չէր տվել Արցախի հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների մուտքը քաղաք: Լարված իրավիճակի հետևանքով բերման էր ենթարկվել 13 քաղաքացի, որոնք, ըստ Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության, կատարել էին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում: Ավելի ուշ բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին:

168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի թեկնածուներից Բելլա Լալայանն անդրադառնալով վերը նշված միջադեպին՝ նշեց, որ քանի որ Արցախում խառնաշփոթ առաջացնելու փորձեր անող ուժերն արդեն հասկացել են՝ Արցախում ընտությունների արդյունքներն իրենց չեն գոհացնելու, որոշել են գործադրել վերջին ջանքերն ու լարվածություն հրահրել վերջին օրերին:

Խոսելով  միջադեպի վերաբերյալ  նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի՝ իրար հակասող գնահատականների մասին՝ Լալայանը նկատեց.

«Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի՝ «դրսից ուղղորդված դավադիր ուժեր» ձևակերպմանը, ապա կարծում եմ՝ նա նկատի է ունեցել սորոսականներից  ուղղորդվածներին: Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանին, ապա նա, որ այստեղ ընկալվում է սորոսական թևի ներկայացուցիչ, չեմ հասկանում, թե ինչու է պնդում, որ Մարտունու ղեկավարը պետք է հրաժարական տա. դե, եթե ամեն մի խախտված բանի համար հրաժարական պետք է տան, ապա Մայիլյանի գործունեության մեջ էլ կարելի է գտնել շատ բաներ, որոնց համար նա պետք է հրաժարական տա: Այդ միջադեպն ընդամենը պետք է դիտարկել օրենքի շրջանակում և օրինազանցներին ենթարկել պատասխանատվության՝ առանց հրաժարակաների կոչերի»:

Լալայանն առավել շատ մտահոգված է այլ խնդիրներով: Մասնավորապես՝ նա վտանգ է տեսնում Արցախում դրսի կամ, ավելի հստակ, «սորոսական թևի» ներկայությունից, որոնք, ըստ նրա՝ Արցախ են ներթափանցել վերջին երկու տարիներին:

«Նույն Մասիս Մայիլյանը բավականին ակտիվ է այդ հարցում, մենք տեսնում ենք նրա ակտիվ համագործակցությունը, օրինակ, Դանիել Իոաննիսյանի հետ: Արցախում վերջին երկու տարվա ընթացքում ակտիվացել են բլոգերներ, ռադիկալ իսլամի համար դատված և Ստեփանակերտում նամազի սոցիալական փորձ արած մարդիկ, որոնք այսօր Մասիս Մայիլյանի համակիրներն են:

Արցախում տեսանելի է արտասահմանյան այդ ֆոնդից սնվողների համախմբում: Էլ չեմ խոսում Նոր Հայաստան, Նոր Արցախ ընդօրինակման, կամ հեղափոխությունն Արցախ հասցնելու Մայիլյանի հայտարարությունների մասին»,- ասաց  Լալայանը:Արցախի նախագահի կին թեկնածուն վստահեցնում է՝ «այն լկտի դրսևորումները», որոնք արձանագրվել են Հայաստանում, ծիլեր են տվել նաև Արցախում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրությունների հետաձգման անհրաժեշտությանը, ապա, Լալայանի համոզմամբ՝ Արցախի իշխանությունը պետք է ընտրությունները հետաձգելու որոշում կայացնի:

«Արցախն այլ մոլորակի վրա չէ: Պետք է  ընտրությունները հետաձգել: Չեմ հասկանում, թե ինչու չի հետաձգվում, ի՞նչ է՝ պետք է սպասեն, որ վարակ արձանագրվի, նոր սկսե՞ն մտածել: Կոչ եմ անում րոպե առաջ դիմել կանխարգելիչ միջոցառումների: Աստված չանի, եթե բանակում մի դեպք արձանագրվեց, ինչ է լինելու: Ընտրությունների ենք գնում այն դեպքում, երբ այս վարակն ունի  գաղտնի շրջան, հետևապես՝ հրամայական է դառնում օր առաջ ընտրությունները  հետաձգելու որոշման կայացումը»,- ասաց  Բելլա Լալայանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ