Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը․
«Հարգելի՛ արցախցիներ,
Այսօր քաղաքական հարցերը ձուլվել են գոյատևման հարցերին։ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ակնհայտորեն ցույց է տալիս մեր անպատրաստությունը այդ վտանգի հետ առերեսվելու։
Այս պահին, երբ մեր առջև ծառացել է ժողովրդի առողջությանը սպառնացող լրջագույն վտանգ, Արցախի իշխանությունն ընտրում է, այնուամենայնիվ, արտակարգ դրություն չսահմանելու ճանապարհը։
Քաղաքական շահերը վեր են դասվում համամարդկային շահերից։
Դեռևս կիրակի օրը ես դիմել եմ ԱՀ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման վտանգի լրջության մասին հայտարարությամբ և տրամադրել մանրամասն վերլուծություն, և ներկայացրել եմ թե ինչու է դա վտանգավոր հատկապես Արցախի համար, նշել եմ, որ մեր բնակչության 18% գտնվում է բարձր ռիսկային գոտում։
Ընդամենը 4 օր առաջ Հայաստանում վարակված էր 28 մարդ, իսկ այսօր արդեն` 122։ Հիվանդացածների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր երկու օրը մեկ: Հաշվեք, թե որքա՞ն կլինի 4 օրից, 8 օրից:
• Երեքշաբթի օրվանից մենք ամբողջությամբ դադարեցրել ենք ընտրողների հետ զանգվածային հանդիպումները։
• Երեկ ես իշխանություններին կոչ եմ արել՝ սահմանել Արցախում արտակարգ դրություն, այնպես, ինչպես Հայաստանում է:
Աշխարհի շատ երկրներ հայտնվել են նման իրավիճակներում։ Եկեք տեսնենք, թե ինչ են նրանք ձեռնարկում կորոնավիրուսի պատճառով:
• Ամերիկայի Միացյալ Նահանգների-ի մի քանի նահանգներ կորոնավիրուսի պատճառով հետաձգել են նախնական նախագահական ընտրությունները։
• Մեծ Բրիտանիայում կառավարությունը որոշել է այս տարվա մայիսին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգել 12 ամսով:
• Դեռևս չունենալով վարակման ոչ մի դեպք աշխարհի մի քանի պետութոյւններ հայտարարել են արտակարգ դրություն: Նշեմ, որ այդ երկրներ վիրուսը, միևնույն է, ներթափանցել է:
• Հիշեցնեմ, որ Հայաստանը հետաձգեց Սահմանադրությունը փոփոխելու հանրաքվեն:
Բայց փաստացի մեզ ասում են՝ ոչ, մենք գնալու ենք այլ ճանապարհով՝ ընտրությունները անցկացնելու ենք։
Ես հարց եմ ուղղում իշխանություններին և այն թեկնածուներին, որոնք պնդում են ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ քվեարկության օրը ընտրատեղամասերում ինչպե՞ս եք ապահովելու ընտրողների անվտանգությունը, ո՞վ է անձամբ ստանձնելու այդ պատասխանատվությունը:
Ես պատրաստ եմ շարունակել նախընտրական քարոզարշավն առանց ընտրողների հետ զանգվածային հանդիպումների, ես վստա՛հ եմ իմ հաղթանակի մեջ:
Բայց երբ ամբողջ աշխարհը խոսում է պատերազմի և Մեծ դեպրեսիայի նման վտանգի մասին, ես չեմ կարող ինձ թույլ տալ անմասն մնալ, չեմ կարող լռել:
Կրկին հիշեցնում եմ իմ դիրքորոշումը՝ որքան շուտ մենք արտակարգ դրություն հայտարարենք, այնքան ավելի շատ կյանքեր կփրկենք:
Բոլոր նրանց, ովքեր լսում են ինձ, կոչ եմ անում` կամավոր պահպանեք կարանտինի ռեժիմը:
Մեր կյանքը մեր ձեռքերում է:
Աստված մեզ պահապան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը