Top-News.am-ը գրել է․Կառավարող ուժի ներկայացուցիչներն այս օրերին չեն սիրում խոսել չկայացած հանրաքվեի մասին: Խոսքն այն հանրաքվեի մասին է, որը նշանակվեց օրենքի բազմաթիվ եւ ամենակոպիտ խախտումներով: Համավարակը թույլ չտվեց այն անցկացնել ապրիլի 5-ին:
Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի կարող անցկացվել: Մենք, մինչ արտակարգ դրության սահմանումը փոքր հարցախույզ անցկացրինք մոտ երկու շաբաթվա ընթացքում, որի ընթացքում պարզվեց, որ հանրաքվեին մասնակցելու մտադրություն ունեն Հայաստանի առկա բնակչության 49 տոկոսը:
Ընդգծենք, որ խոսքը ոչ թե ընտրացուցակներում ընդգրկվածների, այլ Հայաստանում բնակվողների մասին է: 2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցողների վերջնական ցուցակում ընդգրկված է եղել 2 մլն 573 հազար 779 մարդ, թե նրանցից քանի տոկոսն է այժմ բնակվում Հայաստանում մի փոքր վիճելի հարց է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մշտական բնակչության թվաքանակը 2 մլն 965.1 հազար է:
Ակնհայտ է, որ այս դեպքում ընտրական ցուցակում չի կարող ընդգրկված լինել 2.6 մլն մարդ, բայց ընդգրկված է: Իսկ իրականում որքա՞ն ընտրող կա Հայաստանում: Որոշ մասնագետներ պնդում են, որ ընտրողների թիվը հազիվ մեկ միլիոն չորս հարյուր հազար է: Այլ գնահատականների համաձայն, ընտրողների թիվը տատանվում է 1.8-2.0 միլիոնի սահմաններում: Վերցնենք այս գնահատականների միջինը եւ ընդունենք, որ իրական ընտրողների թիվը 1.8 միլիոն է: Եւ այսպես, ստացվում է, որ լավագույն դեպքում ընտրատեղամասեր կարող էր գնալ ընդամենը 800-900 հազար մարդ: Իսկ թե նրանցից քանի տոկոսը Այո կասեր առաջադրված հարցին, արդեն իսկ այլ հարց է, բայց պարզ է, որ Հայաստանում մեծ թիվ էին կազմում ինչպես հանրաքվեն բոյկոտողներն, այնպես էլ ակտիվ ՈՉ-ի կողմնակիցները:
Պարզ է, որ ապրիլի 5-ին կառավարող ուժն առանց կոպիտ միջամտությունների եւ ընտրակեղծարարությունների 650 հազարի մասին անգամ չէր կարող երազել: Հիմա մնում է, որ կառավարող ուժի մոտ հաղթի սթափ բանականությունը եւ նրանք հրաժարվեն այս հանրաքվեի գաղափարից, հատկապես, որ ըստ օրենքի հանրաքվեն կարող է անցկացվել ամռան կեսերին, իսկ այդ ժամանակ, պարզ է, որ ընտրատեղամաս գնացողների թիվը հաստատ անհամեմատ ավելի նվազ կլինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը