Արցախի Հանրապետությունում մարտի 7-9-ը և 14-16-ը նախագահի թեկնածուների և կուսակցությունների վարկանիշի սոցիալական մոնիթորինգի երկու ալիք է անցկացվել։ Հետազոտությունն անցկացվել է փողոցային հարցման մեթոդով։ Առաջին հարցմանը մասնակցել է 284 քաղաքացի, երկրորդին՝ 291։ Այս մասին հայտնում է Хроники Армении տելեգրամյան էջը։
Հարցման արդյունքներով՝ մրցավազքի առաջատարն Արայիկ Հարությունյանն է, նրան աջակցում է ընտրողների 28․87%-ը։ Երկրորդ տեղում Վիտալի Բալասանյանն է՝ ձայների 18․9 տոկոս արդյունքով՝ շրջանցելով Մասիս Մայիլյանին, ով նախորդ շաբաթվա ընթացքում կորցրել է ձայների 7 տոկոսը և այժմ ունի 17․18 տոկոս աջակցություն։ Մյուս թեկնածուներն ունեն ընտրողների 5․5 և պակաս տոկոսով աջակցություն։
Վիտալի Բալասանյանը «երկրորդ ընտրությունների» առաջնորդն է՝ հարցմանը մասնակցած անձանց 13․38 տոկոսը նրա ազգանունն է տվել ի պատասխան այն հարցին, թե ում կքվեարկեն, եթե իրենց նախընտրած թեկնածուն հրաժարվի ընտրություններին մասնակցելուց։ Մասիս Մայիլյանն այս դեպքում ունի 7․9 տոկոս աջակցություն, Արայիկ Հարությունյանը՝ 3․44 տոկոս։ Արայիկ Հարությունյանը նաև հակառեյտինգի առաջնորդն է։ «Ո՞ւմ օգտին չեք քվեարկի ոչ մի դեպքում» հարցին ի պատասխան՝ հարցվածների 17․87 տոկոսը նշել է նրա անունը։ Հակառեյտինգի հարցում երկրորդ և երրորդ հորիզոնականում Մելսիկ Պողոսյանն է՝ 2․44 տոկոս, և Աշոտ Դադայանը՝ 2․06 տոկոս։ Մյուս թեկնածուների հակառեյտինգը մեկ տոկոսից ցածր է։
Համաձայն հետազոտության տվյալների՝ 5 տոկոսի շեմը դեռևս հաղթահարում են 5 կուսակցություններ, որոնցից 3-ը նախագահի թեկնածուներն են ղեկավարում, իսկ մյուս երկուսն են Սամվել Բաբայանի «Միացյալ Հայրենիք» կուսակցությունը և Դաշնակցությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը