Սա դիագնոզ է, որը ոչ պինցետով, ոչ էլ ախտահանմամբ մարդու մեջից չես հանի։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Այս ամեն ինչի պատճառն իրականում շատ ավելի խորքային է։ Մասնավորապես՝ ինչպես են մարդիկ վերաբերվում կառավարման ունակությանը որպես հմտության, որպես գիտելիք, որը անձն ունի կամ ոչ։ Խնդիրն իհարկե միայն հայաստանյան չէ, բայց Հայաստանում սրված է ու հասցված անթույլատրելի չափի։
Կենցաղային մակարդակում, էմոցիոնալ մակարդակում մարդիկ խնդիր չեն տեսնում, որ (պետությունը, իսկ իրականում իրենց կառավարի մեկը, ով զրո ունակություն ունի, սահմանափակ կամ զրո գիտելիքներ՝ այն պաշտոնի կամ դիրքի համար, որը զբաղեցնում է, կարեւորը՝ տենց ջիգյարով լինի (թե կուզեք՝ «դուխով») ասի, խոսա, սրան - նրան մեղավոր «հանի» ու վերջ։ Երբ հերթը հասնում է լուրջ իրավիճակների, ճգնաժամային իրավիճակների կամ եթե կուզեք անգամ կենցաղային, բայց անձնական խնդիրների մարդիկ գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փնտրում են իրենց գործի լավագույն մասնագետին կամ էլ գոնե վատին չեն վստահում ( բժիշկ, իրավաբան, շինարար, վարսահարդար եւ այլն):
Պետության ղեկավարման դեպքում այդպես չէ ու դա բերում է նրան, որ պետության ղեկին հայտնվում են այնպիսի մարդիկ, որոնց լավագույն խորհուրդը «պինցետով կորոնավիրուս արմատախիլ անելն է» կամ էլ՝ սեփական գործը նորմալ անելու փոխարեն մարդկանց մեղադրելը։
Սա արդեն դիագնոզ է, մտածողություն, որ ոչ պինցետով, ոչ էլ ախտահանմամբ մարդու մեջից չես հանի։ Այդ մարդու մոտ միշտ մեղավոր են բոլորը, բացի իրենից ու իր ապիկար կառավարումից։ Բոլորը՝ նախկինները, հիվանդ քաղաքացիները, մի քիչ էլ անցնի՝ իր նախարարները, պատգամավորները, բոլորը՝ բացի իրենից, իր մտասեւեռումից, իշխանության անհագուրդ ձգտումից,ու իրավիճակը գնահատելու անկարողությունից ու ամեն գնով պատասխանատվությունը իր վրայից գցելու տենդից։
Այս խնդիրը բարդ լուծում ունի՝ գլոբալ ընդհանուր մակարդակում, մարդիկ պիտի հասկանան՝ կառավարումը սիրողական սպորտ չէ, կառավարումը դրա բարդությունները գիտակցողի համար բեռ է ու պատասխանատվություն, այն ունակություն է ու գիտելիք։ Ինչպես անել, որ պետությունը կառավարեն նրանք, ովքեր ունեն այդ կարողությունը, բայց չեն ցանկանում դա անել։ Երբ դա կհասկանանք՝ կհաջողենք: Եթե ոչ՝ ապա՝ կունենանք այն ինչ ունենք այսօր։
Այսօրվա իրավիճակի հիմնական պատասխանատուն այս իշխանությունն է, բայց այդ մասին հետո՝ հիմա պետք է ստիպել իրենց, որ մարդկանց ասեն ճիշտը, կառավարեն խուճապը, շատ արագ ձեռնարկեն կոշտ միջոցներ։
Այս հարցում պետք է աջակցել իրենց ու հետեւել համապատասխան միջոցառումներին»,– գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը