Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում առկա հրատապ խնդիրների վերաբերյալ։ Ասուլիսի ընթացքում «Արդարություն» կուսակցության հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը ներկայացրել է մի շարք փաստեր ընտրարշավի ընթացքում տեղ գտած դատապարտելի երևույթների՝ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահման, ընտրողների վրա գործադրվող տարատեսակ ճնշումների մասին։ Կուսակցության մարզային շտաբերի պատասպանատուներ Աշոտ Սևումյանը և Կարեն Հովհաննիսյանը ներկայացրել են իրավիճակը մարզերում, ուր մրցակից թեկնածուների և քաղաքական ուժերի ներկայացուցիչները վարչական ռեսուրսների օգտագործմամբ ահաբեկում են բնակչությանը, մասնավորապես՝ «սխալ» թեկնածուի օգտին քարոզելու, քարոզ լսելու կամ քվեարկելու դեպքում աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով։ ԱՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը տեղեկացրել է, որ ինքը քննարկել է այս խնդիրները իր մրցակիցների հետ՝ փորձելով սկզբունքորեն բացառել այդ հոռի երևույթների առկայությունը Արցախում։ Նա հայտնել է նաև, որ մարզերից ստացված ահազանգերը ստուգելուց հետո գրավոր ուղերձով դիմել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին, ապա հանդիպել նրա հետ՝ արդարությունը վերականգնելու և ընտրապայքարի օրինականությունն ապահովելու պահանջով: «Օրենքը բոլորի համար մեկն է: Մեր երկրում այդ իմաստով արտոնյալներ չպետք է լինեն»,- ասել է Վիտալի Բալասանյսնը: Կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Հակոբ Հակոբյանը հրապարակել է Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ արդեն իսկ գործադրված թեժ գծի հեռախոսահամարը /047 204500/, որի միջոցով քաղաքացիներն այլևս հնարավորություն ունեն ահազանգել նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվող բոլոր տեսակի խախտումների մասին։ Գեներալ Բալասանյանը նախագահական ու խորհրդարանական ընտրությունների բոլոր մասնակիցներին կոչ է արել ջանք գործադրել և տեղադրել թեժ գծի համարը բոլոր հնարավոր տեղեկատվական ռեսուրսներում: «Բոլորս, միասնական ոժերով, կարող ենք այս ընտրությունները դարձնել ազնիվ ու մաքուր։ Միասին մենք ոչ կասենք անարդարությանը»,- ամփոփելով ասուլիսը հայտարարել է ԱՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը