10 03 2020

Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքին պահել է հանցավոր հեղինակության փողերով. «Գոլոս Արմենիի»

Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքին պահել է հանցավոր հեղինակության փողերով. «Գոլոս Արմենիի»

Մարտի 5-ին Վստրեչի Ապեր մականունով քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի տանն իրականացված հատուկ օպերացիայից հետո քաղաքականացված հանրությունը եւ լրատվամիջոցները շարունակում են քննարկել սկանդալային լուրերն այն մասին, որ Վարդանյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, երբ ընտանիքի ղեկավարը բանտում էր: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը` զարգացնելով թեման:

«Այս կապակցությամբ որոշ պարբերականներ հղում էին կատարում հենց Վարդանյանից ստացված տեղեկություններին, մյուսները հիմնվում էին կոնկրետ անձանց կողմից ստացված տեղեկությունների վրա: Մասնավորապես, լրագրող Գոհար Վեզիրյանը հաստատել էր, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո իր պատիժը կրելիս Փաշինյանն իր ու Գագիկ Զհանգիրյանի միջոցով դիմել էր Վարդանյանին` իր ընտանիքին աջակցելու խնդրանքով: Վարդանյանն արձագանքել էր խնդրանքին, սակայն, դառնալով վարչապետ, Նիկոլը մոռացել է այդ մասին եւ ոստիկանությանը սադրել Վարդանյանի դեմ:

Ոստիկանական օպերացիայի պահին ինքը` Վարդանյանը, տանը չէր: Ավելի ուշ հարցազրույցում նա նշել էր, որ իրեն գործարք են առաջարկել` վերադառնալ Հայաստան եւ թույլ տալ իրեն փռել ասֆալտին: Վարդանյանը չի վերադարձել, քանի որ ոչ մի կերպ չէր կարող պատկերացնել, որ օպերացիան այդքան բարբարոսական բնույթ կկրի: Ոստիկանները կոտրել են պատուհանները եւ դռները, ջարդել կահույքը եւ զենքի նշանի տակ են պահել 5-ամյա աղջնակին, նրա մորը եւ տատին: Վարդանյանի թոռնուհին գիշերային միջադեպից հետո կորցրել է խոսելու ունակությունը... Սեւ ապերախտություն` սպիտակ վարչապետից... Վարչապետի շրջապատը լուրեր է շրջանառում այն մասին, որ Վարդանյանը, իբր, չի օգնել Փաշինյանների ընտանիքին, բայց Երեւանը փոքր քաղաք է. այստեղ բոլորը գիտեն բոլորի մասին: Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը չէր կարող ինքնուրույն նման օպերացիա իրականացնել՝ շրջանցելով վարչապետին:

Այս օպերացիան տեղի է ունեցել Նիկոլայի համաձայնությամբ, գուցե նույնիսկ` նրա ցուցումներով: Խորապես սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ Սարգսյանն իր անձնական նախաձեռնությամբ է գնացել այս քայլին` աթոռին մնալու համար: Երեւանում Վստրեչի Ապերի մակարդակի քրեական հեղինակություններ քիչ կան, Սարգսյանը չէր կարող չիմանալ վարչապետի հետ այս հեղինակության կապերի մասին, ուստի օպերացիան լիազորել է հենց Նիկոլը:

Վարդանյանի հայտարարությունները շատերի համար բացահայտում էին դարձել. չէ որ մինչեւ այժմ ընդունված էր մտածել, որ քրեական հեղինակությունների հետ կապ են ունեցել միայն նախկին իշխանությունների ներկայացուցիչները: Պարզվեց, որ հեղափոխության առաջնորդը նույնիսկ ընտանիք է պահել քրեական հեղինակության հաշվին, ինչից հետո վճարել է նրան սեւ ապերախտությամբ: Հատկապես հարկ է նշել, որ այս իրավիճակում քաղաքականացված հանրությունը հավատաց ոչ թե վարչապետին, այլ քրեական հեղինակությանը, թեպետ, այստեղ պարադոքս չկա, քանի որ վարչապետն անընդհատ է ստում  եւ ցանկացած առիթով…», - նշում է պարբերականը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի» թերթում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ