Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2–ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում է վաչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Վարչապետը նշել է, որ ԵԽ բարձրաստիճան պատվիրակության այցը լավ հնարավորություն է համագործակցության օրակարգը քննարկելու համար և անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն այժմ ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, և այդ գործընթացում միջազգային, այդ թվում՝ եվրոպական կառույցների հետ գործընկերությունը կարևոր նշանակություն ունի:
Խրիստոս Յակումոպուլոսի խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը և պատրաստակամ է օժանդակություն տրամադրել մեր երկրին բարեփոխումների գործընթացում:
Զրուցակիցները քննարկել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների շրջանակում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը վերահաստատել են մեր երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ համատեղ խորհրդատվական քննարկումները շարունակելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը