Արա Վարդանյանը գրում է․
«Կարծում եմ, որ մարտի մեկի դեպքերը բոլորիս համար շատ շուտվանից բացահայտված են։ Խնդիրը դրանում է, որ յուրաքանչյուր անձ այդ դեպքերին նայում է իր տեսանկյունից, և անկախ դրանից, թե քանի փաստարկ մենք կբերենք այդ մարդու համոզմունքի սխալ լինելու մասին, միևնույնն է նա մնալու է իր կարծիքին։ Անցել է այդքան ժամանակ, բայց դեռ կան մարդիկ որոնք պնդում են, որ հանրահավաքները խաղաղ էին, կան մարդիկ, որոնք պնդում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել էր Նախագահ, կան մարդիկ, որոնք իրոք հավատում են դրան, որ զոհերը ձեռք էին տալի իշխանությանը։ Չեմ կարծում, որ այդ մարդկանց մտածելակերպը կկարողանանք փոխել, ոչ էլ կարծում եմ, որ իրենք մերը կփոխեն։ Այս իրավիճակում մնում է մեկ բան՝ անցնել առաջ, վերջ տալ 10 զոհերի շիրիմների վրա քաղաքական դիվիդենտներ հավաքելուն և ընդունել պարզ իրողություն։
Մարտի 1-ը չունի մեկ մեղավոր, այդ ողբերգության մեջ մեղավոր են բոլորը՝ բոլորն անխտիր։ Ի՞նչ ենք մենք ուզում այսօր. Գտնե՞լ պատասխանատուներին, ապա եկեք բոլորովս գնանք և նստենք մեղադրյալների աթոռներին և ընդունենք մեր փայ մեղքը. Մեկը երկաթով ոստիկանի վրա հարձակվելու համար, մյուսը իր քաղաքացու հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու համար։ Միթե՞ չենք հասկանում, որ այս պրոցեսը չունի ավարտ և այն միայն խորացնելու է մեր վերքերը։ Ու՞մ ենք մենք դատում բոլորիս գործաց մեղքերի համար։ Նրան, ով կատարում էր իրեն սահմանադրությամբ վերապահված պարտականությունները, թե՞ նրան ով այդ գիշեր "հանգիստ քնել էր", նրանց ովքեր պատերազմում կերտում էին մեր երազած հաղթանակը, թե՞ նրանց ովքեր այլ երկրների ֆինանսավորմամբ խալխլում էին մեր պետության հիմքերը, ու՞մ...Կրկնում եմ, մեղավոր են բոլորը, փոքրից մեծ և մեծից փոքր։ Մարտի մեկը իր մեջ պետք է ունենա միայն մեկ խորհուրդ և պատգամ, այն պետք է դառնա ազգային համախմբման օր։ Մենք պետք է մեկընդմիշտ համակերպվենք դառը ճշմարտության հետ՝ հայը սպանել է հայի։
Սա կարող էր դաս դառնալ մեր սերունդների համար, որոնք այլևս երբեկ նման բան չէին անի, բայց, ավախ, դուք չեք քաղել դասեր մարտի մեկից, դուք այն ուղղակի օգտագործում եք ձեր իսկ նեղ անձնական վախերը փարատելու և շահերը հետապնդելու նպատակով։ Վերջ տվեք այս անիմաստ ազգային բաժանմանը, վերջ տվեք այս իրավական քաոսին, վերջ տվեք պատմության բռնաբարմանը և անցեք առաջ. Առաջ դեպի այն Հայաստանը որի մասին այդքան խոսում էիք իշխանության գալուց, այն Հայաստանը, որում հայը հային սիրում է, այն Հայաստանը, որում մարդուն ընդունում և գնահատում են իր անցած ճանապարհով, այն Հայաստանը, որին կնախանձի ամբողջ աշխարհը։ Այսօր հենց դուք եք որոշում, թե ինչ Հայաստան է լինելու վաղը։ Մի սխալվեք նորից և մի ստիպեք մեզ մտածել, որ դուք արյան ծառավ եք, ինչպես ծառավ էիք մարտի մեկին։ Մի արեք դա, քանզի այս անգամ ձեզ որևէ մեկը չի ներելու։ Եվ ի վերջո հանգիստ թողեք զոհվածների հոգիները, որպեսզի նրանք ի վերջո թողնեն այս կեղտոտ աշխարհը և հեռանան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը