28 02 2020

Ովքե՞ր և որքա՞ն գումար են նվիրաբերել ՔՊ բանկային հաշվեհամարին․ հայտարարություն

Ովքե՞ր և որքա՞ն գումար են նվիրաբերել ՔՊ բանկային հաշվեհամարին․ հայտարարություն

«Ականատես» դիտորդական առաքելությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ սահմանադրական հանրաքվեի թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ։ Հայտարարությունում  նշվում է․

«Ժողովրդավարական հասարակությունում հանրության վստահությունը նվաճելու նպատակով ընտրական, այդ թվում՝ հանրաքվեների կազմակերպման գործընթացներում ծայրահեղ կարեւոր է քարոզարշավների ընթացքում (եւ դրանից դուրս) կուսակցությունների գործունեության ֆինանսական կողմի՝ եկամուտների եւ ծախսերի թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովումը: Կարեւոր է նաեւ օրենսդրորեն  արգելված աղբյուրներից դուրս՝ զարտուղի ճանապարհներով ֆինանսավորումը կանխելը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է իր մտահոգությունը 2020 թվականի ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի ֆինանսավորման թափանցիկության ու հաշվետվողականության առումով՝ հաշվի առնելով փետրվարի 25-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» (այսուհետ՝ ՔՊ) կուսակցության դրամահավաք-երեկոյի վերաբերյալ ոչ միանշանակ ընկալումները, կուսակցության եւ հիմնադրամի հաշվեհամարների հետ կապված անհստակությունը, ՔՊ վերադարձի հիմնադրամի կայքում առկա տեղեկատվությունը, որով փաստացի հնարավոր է դառնում «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքով արգելված անանուն եւ օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձանցից նվիրատվությունների ընդունումը, ինչպես նաեւ՝ առհասարակ կուսակցությունների եւ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկության հետ կապված ՀՀ օրենսդրության առկա բացերը:

«Ականատես» դիտորդական առաքելությունը, ելնելով հետհեղափոխական Հայաստանում ընտրական գործընթացների օրինավորության եւ բացարձակ թափանցիկության, ինչպես նաեւ ընտրողների իրավունքների պաշտպանության, եւ ապօրինի ֆինանսների եւ խոշոր կապիտալի ազդեցությունը քաղաքական դաշտում կանխելու անհրաժեշտությունից, ՔՊ կուսակցությանն  առաջարկում է ներկայացնել հրապարակային հաշվետվություն ոչ միայն օրենքով սահմանված՝ նախընտրական հիմնադրամի, այլեւ կուսակցության եւ նրան պատկանող եւ կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հաշվեհամար(ներ)ի, այդ թվում՝ ՔՊ վերադարձի հիմնադրամի ֆինանսական մուտքերի ու ելքերի վերաբերյալ: Կուսակցություններին առնչվող երրորդ անձանց գործունեության թափանցիկությունը օրհասական խնդիր, է եւ կուսակցությունների օրենսդրությանն առնչվող բարեփոխումների համատեքստում ակնկալվում է ապահովել դրանց լիարժեք հաշվետվողականությունը: 

Մինչ այդ, անհրաժեշտ է հրապարակել, թե ՀՀ նախագահի կողմից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նշանակման օրվանից մինչ ս.թ. փետրվարի 29-ը ներառյալ՝

Որքա՞ն գումար է նվիրաբերվել «ՔՊ» կուսակցության բանկային հաշվեհամար(ներ)ին եւ ում կողմից՝ նշելով առանձին նվիրատվությունները:

Որքա՞ն գումար է նվիրաբերվել «ՔՊ» վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին եւ ում կողմից՝ նշելով առանձին նվիրատվությունները։

«ՔՊ» կուսակցության ո՞ր հաշվին է փոխանցվել ս.թ. փետրվարի 25-ի դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրաբերված գումարը:

Քանի՞սն են եղել եւ որքա՞ն են կազմել անանուն նվիրատվությունները՝ կատարված կուսակցության եւ վերադարձի հիմնադրամի հաշվեհամարներին։

Ինչպե՞ս է կուսակցությունը տնօրինել կամ տնօրինում օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացված նվիրատվությունները՝ կատարված կուսակցության կամ վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին։

2020 թ. մարտի 1-ի դրությամբ որքա՞ն է կազմում կուսակցության հաշվեհամար(ներ)ի եւ վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին առկա գումարի չափը:

Ակնկալում ենք հնգօրյա ժամկետում ստանալ ՔՊ կուսակցության արձագանքը եւ սպառիչ պատասխանները վերը նշված հարցերին։

Կուսակցությունները եւ ընտրական համակարգը Հայաստանում ավանդաբար համարվել են ամենից ցածր վստահություն ունեցող ինստիտուտներից: ՔՊ կուսակցությունը, հավատարիմ լինելով հեղափոխությամբ հռչակված արժեքներին եւ նոր ավանդույթների սկզբնավորման նպատակով, իր գործունեությամբ պետք է վերականգնի հանրության վստահությունը այդ ինստիտուտների նկատմամբ։

Նաեւ հորդորում ենք ՔՊ կուսակցությանը առաջնորդվել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ մասի 4-րդ  եւ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի  19-րդ հոդվածի 4-րդ մասերով, հաշվի առնելով, որ ՔՊ վերադարձի հիմնադրամի օգտագործումը որպես երրորդ անձի՝ չի վերացնում օտարերկրյա աղբյուրներից եւ անանուն ֆինանսավորմանն առնչվող սահմանափակումները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ