Քաղաքական գործիչ Անդրանիկ Քոչարյանը գրում է․
«Փաշինյանը փորձում է սրբագրել Մյունխենում տեղի ունեցածը, բայց ապարդյուն։ Նրա միակ ռազմավարությունը մնում է որոշում կայացնելու պատասխանատվությունից խուսափելը, սեփական տեսակետ չներկայացնելը, վերացական մտքեր հայտնելը և հարցն այլոց վրա բարդելը։Թեմայի և սկզբունքների կապակցությամբ մի քանի դիտարկում և հարցադրում։
1․ Այդ սկզբունքներն Ադրբեջանն ու միջնորդներն ընդունե՞լ են։ Ի՞նչ քայլեր կան այդ ուղղությամբ։ Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու քաղաքականությունը ինչո՞ւ է հանգեցրել Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի գործոնի ուժեղացմանն ու դրա սուբյեկտայնության ապահովմանը։
2․ Փաշինյանի համար ընդունելի՞ է «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձևը։ Ինքը դա՞ է բանակցում, թե՞ այլ բան։ Փախստականների վերադարձի հարց քննարկվե՞լ է Մնացականյան–Մամեդյարով բանակցային ձևաչափում։
3․ «Մյունխենյան սկզբունքներում» ինչո՞ւ է բացակայում Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված համաձայնությունների կետը։ Ոչ մի պարտավորություն չենթադրող «Վերելակային» դիվանագիտությունը նախընտրելի՞ է սահմանային միջադեպերը մոնիտորինգ անելու ինստիտուցիոնալ պայմանավորվածություններից։
4․ Փաշինյանի շուրթերից համառորեն չի հնչում «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպումը։ Նրա համար տարածքների խնդիրը հավասարեցվել է անվտանգության ապահովմանը, մինչդեռ մեր դիվանագիտության հիմքում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումը պետք է լինեն։
Ի դեպ, Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը և Ադրբեջանը երբևէ չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում» ձևակերպումը նույնական չէ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպման հետ։ Եթե Արցախի ու Ադրբեջանի ժողովրդավարության մակարդակների տարբերությունն է մատնանշվում, ապա դա լրիվ այլ բան է և չի առնչվում ինքնորոշման ու տարածքային ամբողջականության խնդիրներին։
Ենթադրենք՝ Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը հավասարվեց Արցախի ժողովրդավարության մակարդակին և այդ երկուսը ժողովրդավարության առումով հայտնվեցին քաղաքական նույն տարածքում, ի՞նչ է հետևելու դրան։
5․ Փաշինյանն ունի՞ լուծման տարբերակ, որը կարող է բավարարել Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին։ Եթե ունի, ապա ինչո՞ւ չի ներկայացնում դա հանրության դատին։ Եթե չունի, ապա ումի՞ց է սպասում առաջարկ։ Հայ ժողովրդի՞ց։ «Հայ ժողովուրդ» որ ասում եք, ո՞ւմ զանգենք։ Ալիևի՞ց է առաջարկ սպասում։
Բայց չէ՞ որ Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից ու այդ մասին բազմիցս արտահայտվել է։Միջնորդների՞ց։ Բայց նրանք արդեն ասել են։
6․ Ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ Փաշինյանը պատրաստ չէ փոխզիջման։ «Մյունխենյան սկզբունքներում» և վարչապետ Փաշինյանի մոտ երկու տարվա գործունեության ընթացքում այդ կարմիր գծի մասին երբևէ հստակ չի խոսվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը