Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ստեփանակերտում մասնակցել է երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր ելույթում նախագահ Սահակյանը կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:
Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված և հետեւողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը