17 02 2020

«ՈՉ» կողմը կստանձի 61 իրավաբաններից բաղկացած խումբը․ հայտարարություն

«ՈՉ» կողմը կստանձի 61 իրավաբաններից բաղկացած խումբը․ հայտարարություն

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Հարգելի հայրենակիցներ, Արդեն տեղյակ եք, որ մի խումբ իրավաբաններ նախաձեռնել են ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը:

Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։

Բայց ցավոք, հանրաքվեն, այնուամենայնիվ, նշանակվեց, և այժմ այն «դե ֆակտո» իրողություն է դառնում։

Այսպիսով, առանց այն էլ լրջորեն վիճելի սահմանադրականությունից և իրավաչափությունից զատ՝ օբյեկտիվորեն առաջանում է նաև նշանակված հանրաքվեի արդարացիության խնդիր։

Ինչպես արդեն հայտարարել ենք՝ մեր նախաձեռնության հիմնական նպատակներն են․

1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։

2) ՀՀ քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի։

Մենք վստահ ենք, որ մեր նախաձեռնությունը միտված է ի շահ Հայաստանի Հանրապետության: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի հանրությունը խուսափի «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերի միջև սուր առճակատումներից: Մենք ջանքեր ենք գործադրելու, որ այս ընթացքում բացառվեն հանրությանը գույների բաժանելու և ատելություն քարոզելու արատավոր երևույթները:

Մենք գիտակցում ենք, որ կարող ենք դառնալ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության քննադատության թիրախ, սակայն մեզ համար առավել կարևոր է պետության շահը, քան արհեստական և ժամանակավոր բնույթ կրող հնարավոր ամենասուր քննադատությունները:

Այսպիսով` հայտարարում ենք, որ արդեն ձևավորվել է 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ, և փետրվարի 18-ին ժամը 9:00-ին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ՀԳ. Հատկանշական է, որ մեր նախաձեռնությանը միացել է 61 իրավաբան: Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորվում են դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու հիմնարար իրավունքները:

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ