ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցչի՝ դեսպանների հետ հանդիպման վերաբերյալ հարցին․
Հարց. Հայաստանի փորձագիտական շրջանակում ակտիվանում են քննարկումներն այն առնչությամբ, որ խաղաղ գործընթացում առավել մեծանում է ԼՂ ադրբեջանական համայնքի դերը խաղաղ կարգավորման գործընթացում, ինչի մասին են վկայում նաև համանախագահ երկրների դեսպանների հանդիպումը համայնքի ղեկավար Թուրալ Գյանջիալիևի հետ: Արդյոք կա՞ նման զարգացում:
Պատասխան. Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, և ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ։
Կրկնեմ, որ հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Սկսած 1992 թվականից Արցախի իշխանությունները ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների կարգավիճակով մասնակցել են խաղաղ գործընթացին: ԼՂ իշխանությունները ՀՀ-ի և Ադրբեջանի հետ մեկտեղ ստորագրել են հրադադարի հաստատման կոչ պարունակող Բիշքեկի արձանագրությունը, իսկ նույն 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվել է եռակողմ բանակցային ձևաչափը, որը բխում է 1994թ.-ի եռակողմ՝ ԼՂ, Ադրբեջան և Հայաստան հրադադարի համաձայնագրից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը