ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր մամուլի ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մուտք է գործում ակտիվ քաղաքականություն, շուտով կուսակցություն կբացի։ Առաջին քաղաքական հայտարարությունն էլ հետևյալն էր․ «Կարծում եմ` այսօր անհրաժեշտություն կա, որպեսզի ձևավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել և միավորել հասարակության այն լայն զանգվածը, որն այսօր չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, դժգոհ է այսօրվա իշխանությունների գործելաոճից, չեն արդարացվել նրանց հույսերը և նրանք մարդիկ են, որոնք չեն ցանկանում վերադարձ անցյալին: Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ եկել Հայաստանում, որը կոչվում է հասարակությանը սևի և սպիտակների բաժանելը: Ես կարծում եմ՝ դա կեղծ օրակարգ է, որը բերվել է մեր դաշտ քաղաքական օրակարգ, որ գործող իշխանությունների օրակարգը նախկիներն են: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա՝ վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, ով պայքարելու է դրա դեմ, որ հանկարծ վերադարձ չլինի անցյալին»:
Մի պահ ընդունենք, թե Արթուր Վանեցյանն այս հայտարարությամբ պարզապես ցանկացել է տարանջատվել թե՛ ներկայից, թե՛ նախկինից և ճերմակ վերնաշապիկով մտնել բոլորովին նոր քաղաքական հարթակ։
Բայց դա ընդամենը մի պահ։
Հետաքրքիր է իմանալ՝ ո՞ր անցյալին վերադարձ չկա։
Արթուր վանեցյանը 2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում որպես Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում՝ սկզբում որպես ավագ օպերլիազոր, այնուհետև՝ որպես գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ: 2009 – 2016 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային վարչությունում որպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ: 2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը: Այս պաշտոնից միանգամից նշանակվել է ԱԱԾ տնօրեն։ Ըստ ամենի՝ Արթուր Վանեցյանն «անցյալի ժամանակ» հրաժարական չի տվել վարչության պետի պաշտոնից, այլ շարունակել է աշխատել, կարիերա է արել, ի վերջո՝ դարձել է տնօրեն։ Արթուր Վանեցյանի՝ «անցյալում» հրաժարական չտալը նշանակում է, որ առնվազն նորմալ է եղել այն պետությունը և իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությունը, պետությանը վտանգներ չի սպառնացել քաղաքական իշխանությունների գործելաոճի արդյունքում։ Իսկ հակառակն է եղել Փաշինյանի պարագայում և որն էլ, ըստ իրեն, դարձել է հրաժարական ներկայացնելու պատճառը։
Արթուր Վանեցյանն ասում է, որ իրեն չեն հանել, ինքն է հրաժարական տվել, որովհետև սխալ ուղղությամբ էր գնում։
Հիմա հարց՝ եթե անցյալը ճիշտ չէր, ինչպե՞ս էր ստացվում աշխատել այդ կարևոր համակարգում։ Եթե ճիշտ էր, ինչո՞ւ վերադարձ չկա, այդ ի՞նչն էր այդ անցյալում ավելի վատը, քան հիմա է։ Այդ նույն անցյալում չէ՞, արդյոք, որ պատերազմում հաղթել ենք, անկախ Արցախ ենք ազատագրել, չեղած տեղից Զինված ուժեր ստեղծել, մի օր էլ դարձել տարածաշրջանում ամենամարտունակը, փլուզված ու ճեղքվացքով տնտեսությունը վերականգնել, զարգացրել, մի օր էլ կոչվել «Կովկասյան վագռ», այսօրվա եղած լավից-վատից պետական կառույցներ ստեղծվել-զարգացել, ու պատկերացրեք՝ բավականին ամուր, որ մինչ հիմա այդ օտաերկրյա ՀԿ-ները, իշխանությանը ձեռք-ձեռքի քանդում են, քանդում ու դեռևս չի հաջողում։ Եթե դրանց չենք վերադառնում, ի՞նչ ենք անելու ապագայում, քանդելու ենք ամեն ինչ և ստեղծենք նո՞րը, Զինված ուժեր, ՍԴ, Ոստիկանություն, ԱԱԾ, պետական մարմիններ, փողոցներ, մայրուղիներ, շենքերը, դպրոցներ և մանկապարտեզներ։
Իրականում դեռ շատ հարցեր կան, որոնց պարոն Վանեցյանը պետք է պատասխանի, և որոնք պարտադիր կտրվեն, առավել ևս, որ քաղաքական գործունեություն է ծավալվելու։ Բայց այս մեկի պատասխանը լավ կլինի՝ մոտ ժամանակներում տրվի, այլապես՝ սա նույնպես դիտարկվելու է որպես պահի, ժամանակաշրջանի պատեհությունով հնչեցրած արտահայտություն, որը, սակայն, ազնիվ չէ։ Իսկ որ մեր օրերում քաղաքականությունն առավելապես ազնվության կարիք ունի, կարծում եմ, պարոն Վանեցյանը, անկասկած, կհամաձայնի։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը